Ֆրանսիայի Առնուվիլ և Սարսել քաղաքային իշխանությունների պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Առնուվիլ և Սարսել քաղաքային իշխանությունների պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Քաղաքները գործընկերային կապեր ունեն Կոտայքի մարզի քաղաքների հետ։

Հինգ հոգուց բաղկացած պատվիրակությունը գլխավորել է Ռուասի Պեյ դը Ֆրանս համայնքի նախագահ Պասկալ Դոլը։ Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այնուհետև պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավար Պասկալ Դոլին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։

Leave a Comment