Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կա


Լեհաստանի Օստրոլենկա քաղաքում ուսումնական հաստատություններից մեկում դանակով հարձակում է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով առնվազն յոթ մարդ վիրավորվել է, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքը տեղի է ունեցել Մազովեցկիե վոյեվոդությունում գտնվող քաղաքի տեխնիկական ուսումնարանում։ Նախնական տեղեկություններով՝ հարձակվողը 19-ամյա ուսանող է եղել։ Հարձակման ընթացքում տուժածների թվում եղել են ուսանողներ և առնվազն մեկ ուսուցիչ։

Հարձակումից հետո երիտասարդը լքել է ուսումնական հաստատության տարածքը, սակայն ոստիկաններին հաջողվել է կարճ ժամանակ անց նրան հայտնաբերել և ձերբակալել։ Իրավապահները ներկայում պարզում են միջադեպի ամբողջական հանգամանքները և հարձակման հնարավոր շարժառիթը։

Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատել են ոստիկանության, շտապօգնության և արտակարգ ծառայությունների խմբեր։ Իշխանությունները հայտնել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է։

Հարձակման պատճառների մասին այս պահին պաշտոնական հստակ տեղեկություն չկա։ Past.am-ը կհետևի Լեհաստանից ստացվող նոր մանրամասներին։

Leave a Comment