
Եթե Վրաստանը հետևեր Բրյուսելի խորհուրդներին, ապա կվերածվեր միայն թղթի վրա գոյություն ունեցող պետության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Կարծում եմ՝ ավելի լավ է թեկնածու երկրի կարգավիճակ ունենալ միայն թղթի վրա, քան պետություն լինել միայն թղթի վրա։ Սա այն ընտրությունն է, որը պետք է կատարել։ Նախևառաջ, եթե մենք լսեինք Բրյուսելին և գնայինք Ռուսաստանի հետ էսկալացիայի, Վրաստանը նույնպես տնտեսական վնասներ կկրեր, ինչպես Մոլդովան։ Եթե մենք լսեինք Բրյուսելին և գնայինք Ռուսաստանի հետ էսկալացիայի, ապա Վրաստանը մեծ հավանականությամբ ռազմական առճակատման մեջ կմտներ Ռուսաստանի հետ, և այսօր մենք կլինեինք պատերազմի հետևանքով նույնքան ավերված երկիր, որքան Ուկրաինան»,- ասել է Պապուաշվիլին։
Նշենք, որ ԵՄ ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը նախօրեին հայտարարել էր, որ Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու է մնում միայն թղթի վրա: