Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնել են Քննչական կոմիտեից (ՔԿ)։
ՔԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ին ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն։ Երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին, ըստ քննության, դուրս է եկել նրա հետևից, ձեռքով հարվածել և քաշելով վերադարձրել դասասենյակ։
Դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը միջնորդել է ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել։ Հսկող դատախազը բավարարել է միջնորդությունը, որից հետո նրա նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Նախաքննությունը շարունակվում է։
Դեպքի մասին հոկտեմբերի 6-ին հայտնել էր Shamshyan.com-ը՝ հրապարակելով նաև տեսանյութ։ Աշակերտուհու հարազատները պատմել էին, որ ուսուցչուհին հարվածել է երեխային, ինչից հետո նա վախեցած դուրս է վազել դասասենյակից։ Նրանց խոսքով՝ երեխայի պարանոցին և ձեռքերին հետքեր են մնացել, աչքերն ուռել են, և նա դեպքից հետո մի քանի օր դպրոց չի հաճախել։ Հարազատը նաև պնդել էր, որ ուսուցչուհին նախկինում ևս ֆիզիկական ուժ է կիրառել աղջկա նկատմամբ։
Դպրոցի տնօրեն Գևորգ Ներսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում դեպքն անթույլատրելի էր անվանել։ Նրա խոսքով՝ ուսուցչուհին 30 տարվա մանկավարժ է։ Երեխայի հարազատները հայտնել էին, որ աղջիկը շարունակում է դպրոց չհաճախել և փողոցում ուսուցչուհուն տեսնելով՝ վախեցած տուն է փախել։
Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմից հայտնել էին, որ ուսումնասիրություն են իրականացնում ինչպես Վարդաձորի, այնպես էլ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ դեպքերի առնչությամբ։ Մեծամորի դեպքում ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու ուսուցիչ, ըստ ծնողների, բռնություն են կիրառել 11-ամյա աշակերտի նկատմամբ։ Այդ դեպքով ևս քրեական վարույթ է նախաձեռնվել։
ՄԻՊ Անահիտ Մանասյանը տարածված տեսանյութերում ներկայացվածը խիստ մտահոգիչ և անընդունելի էր համարել։ Նա նաև հայտնել էր, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է դպրոցական միջավայրում երեխաների նկատմամբ բռնության և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ այլ բողոքներ ու ահազանգեր ստանալ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր հերթին հայտնել էր, որ իրավական գործընթաց կսկսի Վարդաձորի ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։ ԿԳՄՍՆ-ն դեպքի բազմակողմանի ուսումնասիրության համար դիմել էր նաև Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն։
