Հայաստանի իշխանությունները Սյունիքի բնակիչներին չեն զգուշացրել զինված ադրբեջանցի զինծառայողի հնարավոր ներթափանցման մասին, քանի որ սահմանը հատելու վերաբերյալ հաստատված տեղեկություն չեն ունեցել, իսկ չճշտված տվյալների հրապարակումը կարող էր խուճապ առաջացնել։ Այսպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել իշխանությունների գործողությունները Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը նախապես Հայաստանին տեղեկացրել էր ծառայության վայրն ինքնակամ լքած զինծառայողի մասին։ Երկու կողմերը որոնողական աշխատանքներ են իրականացրել, իսկ համապատասխան ծառայություններն ամեն օր կապ են պահպանել։ Սակայն, ըստ Փաշինյանի, զինծառայողի՝ Հայաստանի տարածք անցնելու փաստը հաստատված չէր։
Լրագրողը հարցրել է՝ ինչու բնակիչներին չեն զգուշացրել առնվազն հնարավոր վտանգի մասին, որպեսզի նրանք ավելի զգույշ լինեին։ Ի պատասխան՝ Փաշինյանն առաջարկել է պատկերացնել իրավիճակ, երբ հայտարարվում է զինծառայողի՝ Հայաստան անցնելու մասին, նրան մեկ ամիս չեն գտնում, ապա պարզվում է, որ նա Ադրբեջանում է։
«Այսինքն՝ ամիսներով պետք է այդ ձեր ասած խուճապի մթնոլորտը պահպանվի»,- ասել է վարչապետը։
Տեղեկությունը փաստացի գաղտնի պահելու մասին լրագրողի դիտարկմանը Փաշինյանն արձագանքել է, որ նման դեպքերը չեն գաղտնիացվում։ Նա վկայակոչել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հաղորդագրությունը, որը, իր խոսքով, տարածվել է զինծառայողի՝ Հայաստանում գտնվելու փաստը հաստատվելուց հետո։
Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ կառավարությունում քննարկման ժամանակ Փաշինյանն ինքն է պահանջել պարզել՝ ովքեր և երբ են տեղեկացել զինծառայողի ներթափանցման մասին, և ինչու բնակիչներին ժամանակին չեն զգուշացրել վտանգի մասին։ Թերթի տվյալներով՝ վարչապետը դժգոհություն է հայտնել ԱԱԾ-ի, պաշտպանության նախարարության և մյուս պատասխանատու կառույցների աշխատանքից։
ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը հոկտեմբերի 5-ին ազատվել է պաշտոնից։ Պաշտոնապես այդ որոշումը Շաքիի հարձակման հետ չի կապվել։
Անդրադառնալով զինծառայողի՝ գյուղ հասնելու հանգամանքներին՝ Փաշինյանը մատնանշել է բարդ տեղանքը, որտեղ, իր խոսքով, հեշտ է պատսպարվել։ Որոնողական աշխատանքներին ներգրավել են նաև անօդաչու թռչող սարքեր, սակայն զինծառայողին մինչև հարձակումը չեն հայտնաբերել։ Վարչապետը հայտարարել է, որ սահմանը հատելու հանգամանքները պարզելու համար մանրամասն քննություն է անհրաժեշտ։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին ԱԱԾ-ին տեղեկացրել էր զինծառայողի անհետացման մասին՝ չբացառելով, որ նա կարող էր անցնել Հայաստանի սահմանը։ Ըստ քննության տվյալների՝ Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մուտք է գործել Շաքի գյուղի տներից մեկը և երեխաների ներկայությամբ կրակել նրանց մոր վրա։ Կինը վիրահատվել է, նրա երկու երեխաները ևս վնասվածքներ են ստացել։
Դատարանը Մուսաևին կալանավորել է երկու ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել հինգ հոդվածով, այդ թվում՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար։
Ընդդիմությունն իշխանություններին մեղադրել է բնակիչներին վտանգի մասին չզգուշացնելու մեջ։ ՀՅԴ երիտասարդական միությունը պահանջել է ձերբակալվածին փոխանակել Բաքվում պահվող հայ գերիների հետ։ Շաքիի հարձակումը և զինծառայողների մահվան դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու «Ուժեղ Հայաստանի» նախաձեռնությանը աջակցել է «Հայաստան» խմբակցությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ չի միանա դրան։
