Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Ռեզա Նաքդին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանի զինված ուժերն այն վերահսկում են լիովին:
Անդրադառնալով նեղուցով իրականացվող ծովային փոխադրումներին՝ իրանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ առկա են միայն մաքսանենգության առանձին դեպքեր։
«Մաքսանենգ նավթի ծավալը շատ փոքր է, և չի կարելի ասել, թե Հորմուզի նեղուցը բաց է նման գործունեության համար։ Որոշ անձինք փոքր նավեր են օգտագործում նավթը տեղափոխելու և տանկերներին փոխանցելու համար։ Այն սակավաթիվ երթուղիները, որոնք իրավախախտները ստեղծել են ժայռոտ հատվածների պայթեցման միջոցով, շուտով նույնպես կբլոկավորվեն»,- նշել է Նաքդին։
Բացի այդ, գեներալը մեկնաբանել է Իրանի ռազմական արտադրության և հրթիռային սպառազինության հեռահարության հարցը՝ հերքելով տեխնիկական սահմանափակումների մասին լուրերը. «Մեր սպառազինության հեռահարության սահմանափակումը պայմանավորված չէ տեխնիկական պատճառներով․ դա քաղաքականության հարց է։ Իրանական զենքի հեռահարությունը որոշվում է երկրի ղեկավարության և Գերագույն առաջնորդի կողմից՝ ելնելով մեր պաշտպանական կարիքներից»։
Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը ներկայում բաց է, և դրա միջոցով նավթի արտահանումը գրեթե հասել է հակամարտությունից առաջ եղած մակարդակին։
