Տոկաևը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի ևս մեկ տեղակալի


Միջազգային


Ղազախստանի նախագահը զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահից հետո պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի ևս մեկ տեղակալի՝ Ասկեր Բեյսենովին։ Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Անցած շաբաթվա վերջին Ղազախստանում պաշտոնանկությունների շարք է տեղի ունեցել․ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կանիշ Աբուբաքիրովին։

Բացի այդ, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Ալմազ Ջումաքեևը, իսկ Զինված ուժերի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից՝ Կանատ Նիյազբեկովը։

Սեպտեմբերի վերջին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել էր Դաուրեն Կոսանովը։

Պաշտոնանկությունները հաջորդել են սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի մարզում տեղի ունեցած ողբերգությանը։ Այդ օրը  զորավարժությունների ընթացքում Կասպից ծովի ջրատարածքում «Կայսար» նավակից անձնակազմի իջեցման ժամանակ ծովը քշել էր 17 զինծառայողի։ Նրանցից երեքին հաջողվել էր փրկել, 14-ը զոհվել էին։


Leave a Comment