«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ձերբակալվել է խուլիգանության գործով՝ ֆեյսբուքյան գրառման համար, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Արթուր Դանիելյանը ձերբակալվում է՝ դատարան ներկայացնելու համար (կալանք)։ Մեղսագրվում է միջին ծանրության արարք՝ 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (խուլիգանություն)՝ ՖԲ գրառման համար»,- գրել է Աթանեսյանը։
Խոսքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված խուլիգանության մասին է, որի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև հինգ տարի ազատազրկումն է։
Դանիելյանը հայտնի է Հայաստանի իշխանությունների հասցեին սոցցանցերում կոշտ գրառումներով։
Նա նախկինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհը և ինքն է հրապարակել նրանց համատեղ լուսանկարները։ Հետագայում նա անցել է ընդդիմություն։ ԱԺ այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ 2020 թվականին միջադեպից հետո Դանիելյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ «Ադեկվադ»-ից նրա համախոհները պնդում էին, որ Սիմոնյանը փողոցում հարձակվել է նրա վրա։
Դանիելյանը հոկտեմբերի 7-ի առավոտյան՝ դեռ մինչև ձերբակալման մասին հայտնի դառնալը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե, գործ են հարուցել և մեղադրանք են առաջադրելու։ Նրա խոսքով՝ այդ պահին չգիտեր, թե ինչի մասին է գործը։
Դանիելյանը կատարվածը կապել է ադրբեջանական սոցցանցերում իր նախկին ելույթների տարածման հետ։
Դանիելյանը նաև պնդել է, որ քրեական հետապնդումն իրականացվում է Բաքվի հանձնարարությամբ։ «Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են։ <…> Ինձ օգտագործում են որպես գործիք ձեզ վախեցնելու համար»,- գրել է նա։
Քննչական կոմիտեն մինչև հրապարակումը ձերբակալության վերաբերյալ մեկնաբանություն չէր տարածել։
Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման և ընտանիքի վրա հարձակման ֆոնին Դանիելյանը ֆեյսբուքում հրապարակել էր իշխանությունների գործողությունները քննադատող գրառումներ։ Դրանցից մեկում նա հեգնել էր, որ «ներթափանցում» բառը կարելի է փոխել ու գրել, թե ադրբեջանցիները «խաղաղության հանդեպ մեր ձգտումը ուսումնասիրելու նպատակով «անակնկալ ստուգայց» են կատարել Սիսիան»։ Մեկ այլ գրառմամբ նա պնդել էր, որ ԱԱԾ-ն սպասել է, մինչև «ներխուժած խմբի մնացած երկու անդամները բարեհաջող լքեն Հայաստանի տարածքը», և միայն դրանից հետո հայտարարել, որ նման բան չի եղել։
