Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու հետ կապված ծառայությունները կթվայնացվեն, իսկ բոլոր հիմքերով կարգավիճակի տրամադրման վարչական վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ բարեփոխման նպատակն է բարձրացնել ծառայությունների մատուցման արդյունավետությունը և քաղաքացիներին ազատել հերթերում սպասելու անհրաժեշտությունից։
Ուժի մեջ մտնող փոփոխություններով կացության կարգավիճակ ստանալու դիմումների քննարկման և համապատասխան վարչական վարույթների իրականացման համար պետական տուրքեր կսահմանվեն։
Միաժամանակ նոյեմբերի 1-ից դիմումի մերժման դեպքում արդեն վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չի լինի։
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը նախկին 105 հազար դրամի փոխարեն կկազմի 150 հազար դրամ։ Մշտական կացության կարգավիճակի համար վճարը 140 հազար դրամից կբարձրանա մինչև 250 հազար դրամ։
Պետական տուրք կսահմանվի նաև բնակության օրինականությունը հավաստող վկայական ստանալու համար՝ 30 հազար դրամի չափով։ Ներկայում այդ ծառայության համար պետական տուրք նախատեսված չէ։
Բացի այդ, 2027 թվականի հունվարի 1-ից աշխատանքային վիզայի տրամադրման համար ևս պետական տուրք կսահմանվի, որը կկազմի 15 հազար դրամ։
Փոփոխությունները պայմանավորված են նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ, ինչպես նաև օտարերկրացիներին Հայաստանում կացության և բնակության հարցերով տրամադրվող ծառայություններն արդիականացնելու և վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։