Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Իրկուտսկի շրջանում թոքային ժանտախտի հնարավոր դեպքի մասին։ Դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ տեղեկություններ է ստացել մեկ մարդու մահվան, ինչպես նաև դրա հետ կապված կարանտինային միջոցառումների և Իրկուտսկի հիվանդանոցների աշխատանքի սահմանափակումների մասին։
Դեսպանատունը տարածաշրջանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել հետևել տեղական առողջապահական մարմինների ցուցումներին, խուսափել հնարավոր վարակման օջախների հետ կապված հաստատություններ այցելելուց և ջերմության կամ շնչառական ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի։ Միաժամանակ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը ընդգծել է, որ Ռուսաստանում, հատկապես Մոսկվայից դուրս, ԱՄՆ կառավարության՝ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակ են։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ռուսաստանը չայցելելու գործող խորհուրդը շարունակում է ուժի մեջ մնալ։ Դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կրկին հորդորել է հնարավորինս շուտ լքել երկիրը։
Նշենք, որ խոսքը դեռևս կասկածվող թոքային ժանտախտի դեպքի մասին է։ Ռուսական կողմը հայտնել է, որ մահացած անձի մոտ հաստատվել է անհայտ ծագման թոքաբորբ, իսկ հետազոտությունները ժանտախտի հարուցիչ չեն հայտնաբերել։
