ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանը պետք է էապես կրճատի ուրանի հարստացման իր հնարավորությունները, եթե ցանկանում է բավարարել Վաշինգտոնի պահանջները և համաձայնության հասնել։
«Մենք խոսքերը գործողությունների հետ չենք փոխանակելու»,– Reuters-ին ասել է Վենսը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը շարունակում է պատրաստ լինել բանակցությունների, սակայն ակնկալում է կոնկրետ զիջումներ միջուկային ոլորտում։
Վենսը նշել է, որ Վաշինգտոնը դեռևս հստակ չգիտի, թե ով է իրականում որոշումներ կայացնում Թեհրանում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը բանակցում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, սակայն Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո պարզ չէ, թե ինչ լիազորություններ ունեն նրանք որոշումների կայացման համակարգում։
ԱՄՆ փոխնախագահը նաև հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կարող են պարբերաբար հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին, սակայն, նրա գնահատմամբ, ընդհանուր առմամբ ի վիճակի չեն խոչընդոտել էներգակիրների արտահանմանը։
