Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել է, որ Հայաստանից դեռևս չեն վերադարձվել առաջին Ղարաբաղյան պատերազմի տարիներին գերեվարված կամ անհետ կորած 33 ադրբեջանցիների աճյունները։ Ըստ ադրբեջանական APA-ի, այս մասին հայտարարել է երկրի Պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը՝ Ադրբեջանում անհետ կորած անձանց վերաբերյալ Բաքվի երկխոսության շրջանակներում անցկացված 4-րդ միջազգային համաժողովում։
Նագիևի խոսքով՝ 2025 թվականի փետրվարից Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովը ուղիղ կապ է հաստատել Հայաստանի հանձնաժողովի հետ և կողմերը հանդիպումներ ու տեղեկատվության փոխանակում են իրականացրել։ Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է առաջին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում գերեվարված և անհետ կորած 834 քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ 104 անձի վերաբերյալ մանրամասն տվյալներ։
«Հայաստանը պետք է տրամադրի ամբողջական տեղեկատվություն անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների գտնվելու վայրերի վերաբերյալ, ինչպես նաև ստեղծի պայմաններ արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար»,- ասել է նա։
Ադրբեջանի պաշտոնյան նաև հայտարարել է, որ պատրաստ են տրամադրել ԴՆԹ նմուշներ հայտնաբերված և ենթադրաբար հայկական կողմին պատկանող աճյունների նույնականացման համար։ Նրա խոսքով՝ 2026 թվականի հունվարին Հայաստանի տրամադրած՝ անհետ կորած 50 անձանց ԴՆԹ պրոֆիլների և հայտնաբերված աճյունների միջև համընկնում չի հայտնաբերվել։
