Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից մանրամասնել են, որ քրվարույթը նախաձեռնվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։ Կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկատվություն կլինի։
Դեպքի մասին հոկտեմբերի 6-ին հայտնել էր Shamshyan.com-ը՝ նաև հրապարակելով դեպքը վկայող տեսանյութ։ Կայքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում։ Աշակերտուհու հարազատները պնդել էին, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է երեխային, ինչից հետո նա վախեցած դուրս է վազել դասասենյակից։ Ըստ հարազատների՝ ուսուցչուհին երեխային վերադարձրել է դասարան և կրկին հարվածել նրան, ինչից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է։
Հարազատները պատմել են, որ երեխայի պարանոցին և ձեռքերին հետքեր էին մնացել, աչքերն ուռել էին, և նա մի քանի օր վախից դպրոց չի հաճախել։ Կայքը նաև գրել էր, որ ընտանիքը ոստիկանություն չի դիմել՝ նշելով, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում չի ցանկանում, սակայն պահանջում է նրան հեռացնել դպրոցից։ Նրանք, կայքի տվյալով, դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան։
