Հայաստանը կարող է կորցնել ռուսական գազի գնի արտոնությունները․ ՌԴ ԱԳՆ

Երևանի կողմից Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների կարգավիճակի վերանայումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կորցնի ռուսական գազի գնի արտոնությունները։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Հայաստանի հետ մենք ունենք ծավալուն պայմանագրաիրավական բազա, որը ամրագրում է երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը։ Եթե Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» շրջանակում ցանկանում են վերանայել այդ կարգավիճակը, դա նրանց իրավունքն է։ Սակայն այդ դեպքում ստիպված կլինեն հրաժարվել նաև այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին։ Այդպիսի արտոնություններից մեկը գազի գինն է»,- ասել է Կալուգինը։

Դիվանագետը ընդգծել է, որ ռուսական կողմը դեմ չէ, որ Հայաստանը գազ ձեռք բերի այլ երկրներից, քանի որ այդ հնարավորությունը ամրագրված է 2013 թվականի ռուս-հայկական «գազային» համաձայնագրում։
Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ մի այլ երկրում չի գտնի գազի գնման այնպիսի արտոնյալ պայմաններ, ինչպիսիք այսօր առաջարկում է Ռուսաստանը։

«Ակնհայտ է, որ այնպիսի արտոնյալ պայմաններ, ինչպիսիք այսօր առաջարկում է Ռուսաստանը, Երևանն այլ տեղ չի գտնի։ Գազը ստիպված կլինեն գնել շուկայական արժեքով, ինչը կհանգեցնի բյուջեում նոր ճեղքերի առաջացման։ Օրինակ՝ Բրյուսելը որևէ «սուբսիդիայի» համար գումար չունի․ բոլոր միջոցներն ուղղվում են Զելենսկու նացիստական ռեժիմին աջակցելուն։ Իսկ եթե նրանք ինչ-որ միջոցներ էլ գտնեն, ապա դրանք կլինեն վարկեր, որոնք կավելացնեն Հայաստանի պարտքային բեռը, իսկ այն, հաշվի առնելով հանրապետության պետական պարտքի ներկայիս մակարդակը, մեղմ ասած, առանց այդ էլ փոքր չէ»,- ասել է Կալուգինը։

Leave a Comment