Շաքիում հարձակումից հետո քննարկվում է ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության հարցը․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում Շաքիում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումից և ընտանիքի վրա հարձակումից հետո հնչել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի պաշտոնանկության պահանջներ, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իշխանական շրջանակների իր աղբյուրներին։

Թերթի փոխանցմամբ՝ ՔՊ-ականների մի մասը կարծում է, որ պատասխանատվությունը չպետք է սահմանափակվի հոկտեմբերի 5-ին պաշտոնազրկված ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Սանամյանով։

Պարբերականը չի բացառել, որ Սիմոնյանին հրավիրեն խորհրդարան։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանատվության հարցում, թերթի տվյալներով, իշխող թիմում միակարծություն չկա։ Նրա կողմնակիցները պնդել են, որ սահմանը հատած ադրբեջանցու հայտնաբերմամբ պետք է զբաղվեին ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ մյուսները հարցեր են բարձրացնում նաև բանակի անգործության վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթն էլ՝ հղում անելով կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել է, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է պարզել՝ ովքեր և երբ են տեղեկացել ադրբեջանցու ներթափանցման մասին, ինչ քայլեր են ձեռնարկել և ինչու բնակչությանը ժամանակին չեն տեղեկացրել հնարավոր վտանգի մասին։

Թերթի տվյալներով՝ կառավարությունում քննարկման ժամանակ Փաշինյանը դժգոհություն է հայտնել ԱԱԾ-ի, պաշտպանության նախարարության և մյուս պատասխանատու մարմինների աշխատանքից։ Իշխանական շրջանակներում, ըստ նույն աղբյուրի, քննարկվում են նաև գերատեսչությունների ղեկավարների հնարավոր պաշտոնանկությունները։

Պարբերականի փոխանցմամբ՝ վարչապետին պետք է զեկույց ներկայացվի պատասխանատու կառույցների գործողությունների վերաբերյալ, որից հետո նա որոշում կկայացնի։

Երկու պարբերականների հրապարակումներում հնարավոր պաշտոնանկությունների մասին պաշտոնական հաստատում չի ներկայացվում։

«Ժողովուրդն» հոկտեմբերի 6-ին գրել էր, որ Ռազմական ոստիկանությունում քննարկվում է նաև Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը՝ զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ։

Ռազմական ոստիկանության ղեկավարությունն արդեն փոխվել էր օգոստոսին։ ՀՀ նախկին ոստիկանապետԱրամ Հովհաննիսյանը նշանակվել էր ՊՆ ռազմական ոստիկանության պետ՝ փոխարինելով Աշոտ Զաքարյանին։

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մուտք էր գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը և հարձակվել ընտանիքի վրա՝ երեխաների ներկայությամբ կրակելով նրանց մոր վրա։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել է երկու ամսով։

Leave a Comment