Չեռնոգորիայի հավաքականի պաշտպան Ստեֆան Սավիչը Հայաստանի հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո նշել է Հայաստանի հավաքականի հուսալի պաշտպանությունը՝ խոստովանելով, որ իր թիմին չի հաջողվել ճեղքել մրցակցի ցածր պաշտպանական բլոկը, հայտնում է Vijesti-ն։
«Մենք չկարողացանք անցնել նրանց ցածր պաշտպանական բլոկը։ Ափսոս, որ չկարողացանք 12 միավոր վաստակել, բայց ընդհանուր առմամբ 10 միավորն ու առաջին տեղը հիանալի արդյունք են»,- ասել է Սավիչը։
Նրա խոսքով՝ հանդիպման վրա ազդել է նաև ֆուտբոլիստների հոգնածությունը։ Որոշ խաղացողներ 11 օրվա ընթացքում չորս հանդիպում են անցկացրել, իսկ վերականգնման համար ժամանակի պակասն ու թռիչքները դժվարացրել են նախապատրաստությունը։
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայում Չեռնոգորիայի հետ ոչ-ոքի՝ 0։0 էր խաղացել։ Չորս տուրից հետո Հայաստանի ընտրանին 4 միավորով C2 խմբում երրորդ տեղում է։
Ազգերի լիգայի հաջորդ հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերին․ նոյեմբերի 12-ին Երևանում կընդունի Կիպրոսին, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայում կհանդիպի Լատվիայի հետ։
Սեպտեմբերին Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականներն արդեն հանդիպել էին Երևանում։ Այդ խաղում Հայաստանի ընտրանին պարտվել էր 2։3 հաշվով։
