«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են կուսակցությունից, հայտնել է ՔՊ մամուլի ծառայությունը։
Կուսակցությունից նրանց հեռացնելու պատճառները հաղորդագրությունում չեն նշել։
ՔՊ-ն հայտնել է նաև, որ վարչության նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են օրակարգային այլ հարցեր։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը հայտնել էր, որ ՔՊ Վերահսկող հանձնաժողովը որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել Սարգսյանին և այդ առաջարկով դիմել է ՔՊ վարչությանը։
Փաշինյանը կուսակցության հետ Սարգսյանի հարաբերությունների վատթարացումը պայմանավորել էր նրա գործունեության վերաբերյալ հնչած մի շարք պնդումներով։ Ավելի վաղ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել, որում պատմել էր, որ հակասությունների պատճառը ՔՊ-ում ունեցած ինքնաքննադատական ելույթն էր։
Սեպտեմբերի 22-ին ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանն Armenia Today-ին հերքել էր Սարգսյանի հարցը կուսակցությունում քննարկելու և նրան հեռացնելու հնարավորության մասին մամուլում տարածված տեղեկությունը։
