Նոր գումարման Ազգային ժողովում իշխանության և ընդդիմության միջև առաջին լարված բախումը եղավ, ընդ որում՝ մի քանի դրվագով։ Նիստը նախագահողը ստիպված էր ընդմիջումներ հայտարարել:
Այս ամենը տեղի ունեցավ՝ չնայած նրան, որ խորհրդարանական ուժերը պայմանավորվել էին պահպանել բարեկրթության սահմանները և միմյանց հետ կոռեկտ ու կառուցողական շփում ապահովելու պատրաստակամություն էին հայտնել։
Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն, անդրադառնալով միջադեպին, հայտարարեց, որ խորհրդարանում ծեծկռտուք չի եղել, և իրենք «մարտեր առանց կանոնների» ռեժիմում չեն աշխատում։ Այդուհանդերձ, նրա գնահատմամբ, տեղի ունեցածը վատ էր․
«էդ մթնոլորտը շատ տհաճ է, երբ անընդհատ լարում է լինում։ Հաստատ «մարտեր առանց կաննոների» ռեժիմում չենք։ Եթե մարտեր, ապա, գոնե, կանոններով։
Չեմ կարծում, որ պետք է չափազանցնել այսօրվա միջադեպի մասշտաբը, որովհետև, ամեն դեպքում, հրմշտոց էր, որը շատ վատ էր, բայց էն մեր սիրած, դասական ծեծկռտուքը դեռ չէր։ Ներողություն եմ խնդրում, եթե այդ առումով ձեզ հիասթափեցրել ենք։Դաժան ծեծկռտուք չի եղել և, հուսով ենք, չի լինի»։
Տեղի ունեցած միջադեպի պատճառն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթն էր, որն, ըստ Ռուբինյանի, դուրս էր օրակարգի շրջանակից։ Ընդդիմադիր պատգամավորի ելույթին հաջորդեց իշխանական պատգամավորի արձագանքը, ինչի հետևանքով իրավիճակը խորհրդարանում լարվեց։
«Կոչ եմ անում էդ 250 հազարները՝ ձեր ստացած պարգևավճարները, չծախսել։ Դա կոպեկ-կոպեկ ձեզնից հետ ենք վերադարձնելու»։
«Ընդդիմադիր պատգամավորի այս ձևակերպմանը դահլիճում կոշտ արձագանքեցին։ Տեղից պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։
Մի քանի վայրկյան անց իրավիճակը թեժացավ․ հնչեցին փոխադարձ վիրավորանքներ, ձայները բարձրացան, և քաղաքական բանավեճը վերածվեց քաշքշոցի։
Արդեն մեզ հետ զրույցում Վոլոդյա Հակոբյանն ասաց, որ տեղից պատասխանել է Ղազարյանի հնչեցրած մեղադրանքին․
«Էդգար Ղազարյանն, արդեն ամիսներ շարունակ, սադրիչ գործունեություն է ծավալում Ազգային ժողովում։ Այսօր էլ իր ելույթի մեջ ասաց, որ, աղետներ բերելուց հետո էլ, հիմա էլ թալանում ենք ժողովրդին»։
Radar Armenia-ն Էդգար Ղազարյանին հարցրեց՝ եթե իշխանությանը մեղադրում են թալանի մեջ և քննադատում պարգևավճարներ տրամադրելու համար, ինչո՞ւ են իրենք ևս օգտվում այդ պարգևավճարներից և չեն վերադարձնում դրանք։
-Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պատրա՞ստ են հետ վերադարձնել այդ գումարները։
-Պատրաստ լինեն-չլինեն։ Պետության փողն է դա, հո պատրաստ լինել-չլինելո՞վ չէ։
-Պետության փողը Տիգրանաշենի բնակիչների վրա եք, չէ՞, զարգացման ծրագրի անվան տակ ծախսել։
-Էն առաջին պարգևավճարը, որ ստացել ենք, այո, մենք անձնական նպատակներով չենք ծախսել։ Այսինքն, ապօրինի տվել եք, մենք էդ ձևով հետ ենք վերադարձնում մեր ժողովրդին։ Բայց, միևնույն է, էդ գումարը պետք է վերադարձվի պետբյուջե։ Ես իմ հաջորդ աշխատավարձերից կխնայեմ․ ինձ թվում է՝ նույն բանը մյուս պատգամավորները կանեն։
Արդյո՞ք էթիկայի հանձնաժողովը կքննի կատարվածը։
ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն այս պահին գնահատական տալուց հրաժարվում է․
«Այս պահին հարցին չեմ կարող հստակ պատասխանել, ձեռնպահ կմնամ նաև որակում տալուց, որովհետև հնարավոր է՝ այս միջադեպը քննարկման առարկա դառնա, իսկ եթե ես հիմա իմ դիրքորոշումը հայտնեմ, ստիպված եմ լինելու հետագայում դիրքորոշումս պահել կամ բացարկ հայտնել»։
ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի խոսքով՝ հանձնաժողովը նախ պետք է դիմում ստանա միջադեպի վերաբերյալ, ապա որոշի՝ այն քննարկման ենթակա՞ է, թե՞ ոչ։
Բաթոյանի խոսքով՝ պատգամավորների աշխատանքային գործընթացում լարված իրավիճակներ կարող են լինել, սակայն բոլոր կողմերը պետք է կարողանան զսպել էմոցիաները և պահպանել էթիկայի կանոնները․
«Բոլոր խորհրդարաններում լինում են նման դեպքեր․ ուզում եմ նշել, որ մենք առանձնահատուկ և բացառիկ չենք այդ առումով, բայց պիտի կարողանանք զսպել էմոցիաները և դուրս չգանք հռետորական ելույթների սահմաններից»։
Մինչ այդ, նկատենք, առաջիկայում սպասվում է Էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը։
Մանրամասները՝ տեսանյութում։
