Հանրային հեռարձակողի խորհուրդը նկատողություն է հայտարարել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար։ Որոշումը խորհուրդը կայացրել է հոկտեմբերի 6-ին։
Խորհուրդը, մասնավորապես, արձանագրել է, որ օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը։
Հանրային հեռուստաընկերությունը հաջորդ օրը ներողություն էր խնդրել՝ ընդունելով, որ սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգի հեռարձակումը սխալ էր, և հայտնելով, որ վերանայում է աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերը բացառելու համար։
Թաթա Սիմոնյանը ևս ներողություն էր խնդրել՝ միաժամանակ պարզաբանելով, որ համերգը Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է և ցուցադրվել է առանց իր հետ համաձայնեցնելու։ Երգիչն այդ օրը համերգի ցուցադրումն անվանել էր «արդարացում չունեցող կոպիտ սխալ»։
Հանրային հեռարձակողի խորհուրդն այն ժամանակ հայտարարել էր, որ կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին անվանել էր համերգի հեռարձակումը ոչ տեղին։
