Զոհերի և անհետ կորածների հարազատներն ԱԺ-ից պահանջել են հրապարակել 44-օրյայի զեկույցը

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի շենքի մոտ ակցիա են անցկացրել՝ պահանջելով հանրային լսումներ անցկացնել և հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների շարժման համակարգող Միքայել Մարգարյանը լրագրողներին հայտնել է, որ դիմումները հասցեագրված են ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանին, խորհրդարանական երեք խմբակցության ղեկավարներին։

«Մենք պահանջում ենք, որպեսզի լինեն հանրային լսումներ և զեկույցը հանրայնացվի»,- ասել է Մարգարյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա ակցիան գարնանը մեկնարկած ակցիաների շարունակությունն է։ Զոհվածների և անհետ կորածների հարազատները նախորդ գումարման խորհրդարանից պահանջել էին հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, սակայն ընտրությունները և նախորդ ԱԺ-ի լիազորությունների ավարտը հետաձգել էին գործընթացը։

«Պահանջ կար անհետ կորածների և զոհվածների ծնողների կողմից՝ ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու մասին։ Ցավոք սրտի, ընտրություններն ինչ-որ կերպ հետաձգեցին գործընթացը։ Մեր պահանջը մնաց անկատար, սակայն այսօր արդեն ունենք նոր խորհրդարան և մեկնարկ ենք տալիս նոր պահանջների»,- ընդգծել է Մարգարյանը։

Մարգարյանը հույս է հայտնել, որ նոր ԱԺ-ն դիրքորոշում կհայտնի նախորդ գումարման խորհրդարանի գործողությունների վերաբերյալ և որոշում կընդունի զեկույցը հրապարակելու մասին։

«Հույս ունենանք՝ որոշում կկայացնի հանրայնացնել այդ զեկույցը և հայտնել ժողովրդին ճշմարտությունը։ Ըստ այդմ՝ արդեն կհասկանանք, թե ինչու նախորդ ԱԺ-ում բոլորին խոստացան, որ զեկույցը հանրային է լինելու, բայց մինչ օրս այն հանրային չէ»,- ասել է նա։

Լրագրողների հարցին՝ արդյոք ակցիայի մասնակիցներն իշխանությունների դիրքորոշման փոփոխություն ակնկալում են՝ հաշվի առնելով, որ իշխող քաղաքական ուժը չի փոխվել, Մարգարյանը պատասխանել է, որ իրենց հիմնական ակնկալիքներն ընդդիմությունից են։

«Միանշանակ ավելի շատ հույս ունենք «Ուժեղ Հայաստան» դաշինքի վերաբերմունքի հետ կապված, բայց, այնուամենայնիվ, «Հայաստան» դաշինքն էլ իր վերաբերմունքը ցույց է տվել մասնակի։ Իշխող ուժին դիմելը ձևական բնույթ է կրում։ Այստեղ ներկա բոլորի անունից եմ ասում՝ ակնկալիքն ընդդիմությունից է»,- ասել է նա։

Մարգարյանի խոսքով՝ զոհվածների և անհետ կորածների հարազատները պատերազմի հետևանքների հետ են կապում նաև սահմանին ներկայիս իրավիճակն ու Ադրբեջանի պահանջները։

«Այն, ինչ կատարվում է թե՛ սահմանում, թե՛ թշնամական պահանջները, այդ բոլորը մենք կապում ենք պատերազմի հետևանքի հետ»,- հավելել է նա։

Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշել է, որ քննիչ հանձնաժողովը, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, ձևավորվում է իրավունքի ուժով։

«Իրավունքի ուժով ձևավորված հանձնաժողովը երկու ճանապարհ ուներ՝ կա՛մ պետք է զեկույցը ներկայացներ ԱԺ, կա՛մ, եթե այն ժամանակին չէր հրապարակվել, պետք է պարզվեր՝ ով է մեղավոր դրա համար»,- ասել է Բաղդասարյանը։

Նա հիշեցրել է, որ նախորդ գումարման խորհրդարանը զեկույցը չի հրապարակել, ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ այն ուղարկել է ԱԺ արխիվ, իսկ պատգամավորներին առաջարկվել է այնտեղ ծանոթանալ փաստաթղթին։ Փաստաբանի խոսքով՝ սա հասարակությանը չբավարարող երևույթ է։

Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ակցիայի մասնակիցները պահանջի հիմքում այն սկզբունքն է, ըստ որի՝ օրենքի ուժով ստեղծված հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվի։

«Եթե հանձնաժողովը ձևավորվել է իրավունքի ուժով, ապա որևէ մեկը իրավունքի ուժով ձևավորված հանձնաժողովի զեկույցը չհրապարակելու իրավունք չունի»,- շեշտել է նա։

Նրա խոսքով՝ այդ պատճառով էլ նոր Ազգային ժողովին հանրագիր են ներկայացրել։

«Հանրագրով ԱԺ ներկայիս նախագահից և խմբակցությունների ղեկավարներից պահանջում ենք վերանայել նախորդ նախագահի դիրքորոշումը, քննարկել զեկույցի հրապարակման հարցը, վերացնել այն գաղտնագրելու վերաբերյալ ԱԺ նախկին նախագահի կարգադրությունը և հանրայնացնել զեկույցը»,- ասել է Բաղդասարյանը։

Նա հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար, իր գնահատմամբ, պատասխանատվություն պետք է կրի կա՛մ քննիչ հանձնաժողովի նախկին ղեկավարությունը, կա՛մ ԱԺ նախկին ղեկավարությունը։

«Կա՛մ հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանն է օրենքը խախտել, ժամանակին չի ներկայացրել հանձնաժողովի զեկույցը, կա՛մ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն է խախտել օրենքը և զեկույցը չի հրապարակել։ Մեզ համար տարբերություն չկա, մեզ համար կարևորը զեկույցի հրապարակումն է»,- հայտարարել է Բաղդասարյանը։

Փաստաբանի խոսքով՝ նախաձեռնության անդամներին չեն բավարարում զեկույցը չհրապարակելու վերաբերյալ նախկինում տրված բացատրությունները։ Բաղդասարյանը նաև հայտարարել է, որ ակցիայի մասնակիցները զեկույցը չհրապարակելը համարում են պատերազմի հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու կամ կոծկելու իշխանությունների փորձ։

«44-օրյա պատերազմի հետ կապված իրադարձություններն ավելի շատ հրապարակային ելույթներով են արձանագրվել, բայց պետական պաշտոնատար այրերն այդ ամբողջին գնահատական չեն տվել։ Մենք գտնում ենք, որ թաքցնելու կամ այդ ամբողջը կոծկելու խնդիր ունի իշխանությունը, դրա համար էլ չի հրապարակում»,- հավելել է փաստաբանը։

Բաղդասարյանի խոսքով՝ զեկույցը չհրապարակելու դեպքում նախաձեռնության անդամները շարունակելու են հրապարակային ակցիաներն ու գործողությունները։ Նա չի բացառել նաև շարժման ընդլայնումը։

«Մենք անելու ենք այն, ինչ անում ենք՝ իրականացնելու ենք հրապարակային ակցիաներ, գործողություններ»,- հայտարարել է Բաղդասարյանը։

2024 թվականի սեպտեմբերին զեկույցը պատրաստ էր, բայց հաշվետվությունն ԱԺ նախկին նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025-ի սեպտեմբերին։ 2025-ի հոկտեմբերիին Սիմոնյանը հատարարել էր, որ ժամկետները խախտելու հիմնավորմամբ զեկույցն ԱԺ լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան։ Ավելի ուշ խորհրդարանից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։

Կարդացեք նաև՝

Զոհվածների և անհետ կորածների ծնողները 44-օրյա պատերազմի զեկույցին ծանոթանալու պահանջով ստորագրահավաք են սկսել

«Բացահայտել ճշմարտությունը». 44-օրյա պատերազմի զեկույցը հրապարակելու պահանջով ակցիա՝ ԱԺ-ի մոտ

Անհետ կորածների ծնողները 44-օրյայի զեկույցի հարցով լսումներ են պահանջել

Leave a Comment