ՀՀ իշխանությունները չեն քննարկում ադրբեջանցի զինծառայողին Բաքվին հանձնելու հարցը

Հայաստանի իշխանություններն այս պահին չեն քննարկում երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին Ադրբեջանին հնարավոր հանձնելու հարցը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մուսաևը հոկտեմբերի 1-ին ապօրինի հատել է Հայաստանի սահմանը, Շաքիում ներխուժել բնակիչների տուն և հարձակվել ընտանիքի վրա՝ երկու երեխաների ներկայությամբ կրակելով 39-ամյա կնոջ ոտքին։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև երկու երեխաները։

Ռուբինյանը հավաստիացրել է՝ Մուսաևի հնարավոր հանձնելու հետ կապված որևէ այլ գործընթաց այս պահին չկա։ Նա վաղաժամ է համարել զինծառայողին Բաքվին հնարավոր հանձնելու հարցի քննարկումը և նշել, որ եթե նրա մեղքն ապացուցվի, նա պետք է պատժվի։

Միևնույն ժամանակ, Ռուբինյանը համոզմամբ, զինծառայողի արարքը ոչ թե պետականորեն կազմակերպված դիվերսիա է, այլ «առանձին անձի կատարած հանցագործություն»։

«Ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, որովհետև դիվերսիայի դեպքում ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ իրենցից զինծառայող է կորել։ Սուբյեկտը ոչ թե Ադրբեջան պետությունն է, այլ իր զինծառայության վայրն ապօրինի լքած, մեր տարածքում հայտնված և հանցագործություն կատարած անձը»,- ընդգծել է Ռուբինյանը։

Նա չի բացառել, որ զինծառայողը կարող էր դասալիք լինել՝ ընդգծելով, որ դա իր ենթադրությունն է, իսկ սահմանը հատելու հանգամանքները դեռ պետք է պարզվեն։

Ռուբինյանը նշել է, որ իրավասու մարմինները պետք է գնահատեն նաև հայկական ուժային կառույցների գործողությունները և պարզեն, թե որքանով էր հիմնավորված բնակչությանը ՀՀ տարածքում ադրբեջանցի զինծառայողի հնարավոր գտնվելու մասին չտեղեկացնելու որոշումը։ Նրա խոսքով՝ միջադեպից հետո համապատասխան կառույցները պետք է վերլուծեն իրենց գործողությունները։

Անդրադառնալով սահմանային անվտանգությանն ու հանրային մտահոգություններին՝ ԱԺ նախագահը նշել է, որ չսահմանազատված և խրամատավորված սահմանի պայմաններում անհատական մոլորվելու կամ դասալքության դեպքեր միշտ էլ տեղի են ունեցել երկուստեք։

«Մեր սահմանները հնարավորինս կայուն են, մենք ունենք մի իրավիճակ, երբ որ արդեն երկու տարի և հինգ թե վեց ամիս է, մեր սահմաններում չի եղել գեթ մեկ զոհ հակառակորդի կրակոցի արդյունքում։ Սա պետք է գնահատել»,- հավելել է նա։

Ռուբինյանը նաև հայտարարել է, որ տեղի ունեցածը, իր գնահատմամբ, կասկածի տակ չի դնում խաղաղության գործընթացը։ Նա դրական է գնահատել այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է զինծառայողի անհետացման և ՀՀ տարածքում նրա հնարավոր հայտնվելու մասին։

Ռուբինյանի խոսքով՝ նման միջադեպերից իսպառ խուսափելու միակ արդյունավետ ճանապարհը սահմանների լիակատար սահմանազատումն ու սահմանագծումն է։

«Երբ մեր խրամատավորված սահմանը, որը պահում են զինվորները, ամբողջությամբ վերափոխվի սահմանազատված սահմանի, որտեղ երկու կողմերն էլ սանտիմետրի ճշգրտությամբ գիտեն իրենց սահմանը, և այն հսկեն սահմանապահները, նման դեպքերը կբացառվեն»,- եզրափակել է նա։

Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել է երկու ամսով։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հինգ հոդվածով՝ պետական սահմանն ապօրինի հատելու, հրազենի մաքսանենգության, զենքի ապօրինի շրջանառության, բնակարան ապօրինի մուտք գործելու և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Առավել ծանր հոդվածով նախատեսված պատիժը մինչև 10 տարի ազատազրկում է։

Leave a Comment