Ի՞նչ է պատահում, երբ Սփյուռքի հերթական համայնքային հանդիպմանը ոչ ոք բարեգործական հանգանակության տուփ չի պարզում, կենացներ չի ասում և չի փորձում լսարանին «կերակրել» անցյալի տրավմաներով։
Պատկերացրեք մի միջավայր, որտեղ Հայաստանից ժամանած թիմը չի թաքցնում երկրի առջև ծառացած բարդագույն մարտահրավերները, բայց միաժամանակ հայտարարում է. «Մենք չենք եկել «պատվաստելու», մենք եկել ենք ձեզ Հայաստանով «վարակելու»»։ Հենց այս չկաղապարված ու խիստ պրագմատիկ մոտեցմամբ արդեն երկու տարի է աշխարհի տարբեր ծայրերում հայկական համայնքների դռները թակում «Engage Armenia» ֆորումը։ Յոթ երկիր, տասնյակ քաղաքներ, ավելի քան 1300 մասնակից և հազարավոր կոտրված կարծրատիպեր․ հիմա նախաձեռնությունն առաջին անգամ հատում է Ատլանտյան օվկիանոսը՝ ուղղություն վերցնելով դեպի Կանադա։
Ինչո՞ւ մնալ հայ 21-րդ դարում․ հարց, որից շատերը խուսափում են
Այսօր Սփյուռքը կանգնած է լուռ, բայց դաժան իրականության առաջ՝ ձուլումը ժամանակի հարց է։ Պատմությունը ցույց է տալիս, որ հայկական եկեղեցիներ կարող են մնալ նույնիսկ այնտեղ, որտեղ այլևս ոչ մի հայ չի ապրում՝ Սուդանից մինչև Եթովպիա կամ Սինգապուր։ «Ինչո՞ւ է պետք մնալ հայ, եթե դու կայացած ես օտարության մեջ, հայերեն խոսում ես, քաբաբ կամ հումուս ես ուտում։ Ի՞նչ է դա քեզ տալիս»,— հարցնում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանը։ Ավանդական համայնքային կառույցները հաճախ շարժվում են դանդաղ՝ կենտրոնանալով անցյալի հիշողության վրա։ Մինչդեռ նոր սերունդը փնտրում է ապագա և ռացիոնալ կապ։
Վարդան Մարաշլյանը բերում է մի պատկերավոր համեմատություն․ Հայաստանը մեր ազգային համակարգի Արեգակն է, իսկ Սփյուռքը՝ արբանյակները։ Եթե Արեգակը թույլ է, արբանյակները ցրտահարվելու են ու կորչեն տիեզերքի անհունության մեջ։ Բայց որպեսզի Արևը տաքացնի, արբանյակներում ապրողները պետք է դադարեն լինել պասիվ դիտորդ։
Հնարավորությունների «սուպերմարկետ»՝ առանց քաղաքականության
«Engage Armenia»-ն եկել է կոտրելու Սփյուռք-Հայաստան հարաբերությունների ամենատհաճ կարծրատիպը՝ «Հայաստանից եկել են, ուրեմն փող են ուզելու»։
Ֆորումի ձևաչափը հիշեցնում է ստարտափների փիչինգ (pitching)․
- 0% քաղաքականություն և 0% լղոզված դիսկուսիաներ․ պաշտոնյաներ չկան, կենացներ չկան։
- Հնարավորությունների 5 րոպեանոց «փիչեր»․ Հայաստանից ժամանած 15 առաջատար կազմակերպություններ ունեն ընդամենը 5 րոպե՝ բացատրելու, թե ինչ կոնկրետ առաջարկ ունեն դահլիճում նստած մասնագետի համար։
- Լայն ընտրություն՝ յուրաքանչյուրի համար․ ուզո՞ւմ եք պրոֆեսիոնալ պրակտիկա անցնել («Birthright Armenia»), դասավանդել մարզերում («Teach For Armenia»), ներդրում անել IT ստարտափում՝ սկսած 50 դոլարից (EquiFund), բժշկական ոլորտ զարգացնել («Health for Armenia»), թե՞ ամսական ընդամենը 3 ժամ տրամադրել որպես մենթոր։
- Սա մի հարթակ է, որտեղ մարդիկ գալիս են ոչ թե «տալու», այլ իրենց և իրենց ընտանիքների համար Հայաստանի հետ համագործակցության նոր դռներ «վերցնելու»։
Որս՝ LinkedIn-ում, և մասնակիցներ, որոնք «դուրս էին մնացել»
«Engage Armenia»-ի ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն է, որ թիմը չի բավարարվում միայն համայնքային կառույցների ծանոթ շրջանակներով։ Նրանք փնտրում, գտնում և «որսում» են հայ մասնագետներին հենց LinkedIn-ում՝ այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ինտեգրվել են տեղի հասարակությանը և կտրվել ավանդական համայնքային կյանքից։
Արդյոք սա՞ աշխատում է։ Գերմանիայի ֆորումներից հետո անցկացված անանուն քվեարկության արդյունքները խոսուն են. մասնակիցների 64%-ը նշել է, որ միջոցառումը գերազանցել է իրենց սպասումները, իսկ 99%-ը հայտարարել է, որ խորհուրդ կտա իր ընկերներին անպայման ներկա գտնվել։ Իսկ այն բառը, որով մեծամասնությունը բնորոշել էր հանդիպումից ստացած զգացողությունը, ընդամենը մեկն էր՝ «ՀՈՒՅՍ»:
Կանադա՛, պատրաստվի՛ր․ Տորոնտո և Մոնրեալ
Այս աշնանը «Engage Armenia»-ն հասնում է Կանադա՝ մի համայնք, որն աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ, բայց միաժամանակ կարիք ունի նոր լիցքերի ու գաղափարների։
Հանդիպումների օրացույցը՝
- Տորոնտո՝ հոկտեմբերի 22, ժամը 18:30 (Youth Centre)
- Մոնրեալ՝ հոկտեմբերի 24 (AGBU Montreal) և հոկտեմբերի 25 (Սուրբ Հակոբ / Sourp Hagop, Փաստրմաճյան սրահ)
«Մի՛ եկեք մենակ։ Մտածեք ձեր ընկերների մասին՝ հայ թե ոչ հայ, ում կարող է հետաքրքրել այս դինամիկան։ Մենք չգիտենք՝ երբ հաջորդ անգամ հնարավորություն կունենանք գալ Կանադա։ Եկե՛ք, և դուք հուսախաբ չեք լինի»,- եզրափակում է Վարդան Մարաշլյանը։
Ծրագրին ծանոթանալու, բանախոսների ցանկը տեսնելու և նախապես գրանցվելու համար կարող եք այցելել պաշտոնական կայք՝ engagearmenia.org։