
Չնայած էներգետիկ ճգնաժամին՝ Եվրոմիությունը մտադիր է մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի ներկրումը։ Այս մասին Եվրոպական խորհրդարանի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Չորս տարի առաջ Ռուսաստանը փորձում էր մեզ շանտաժի ենթարկել։ Այդ ժամանակ մեր գազի ներկրման 45%-ը գալիս էր Ռուսաստանից։ Գործնականում մեկ գիշերվա ընթացքում այդ ներկրման գրեթե ամբողջ ծավալը դադարեցվեց։ Սակայն Եվրոպան միասնաբար դիմացավ, և մենք այս իրավիճակից ավելի ուժեղ դուրս եկանք»,- նշել է նա։
Նրա խոսքով ԵՄ-ն դիվերսիֆիկացրել է գազի մատակարարումները և զգալիորեն արագացրել սեփական մաքուր էներգետիկայի զարգացմանն ուղղված ներդրումները։
«Այսօր ռուսական գազի ներկրման մասնաբաժինը 45%-ից նվազել է մինչև 12%։ Եվ մինչև հաջորդ տարվա վերջ այն կհասցնենք զրոյի»,- հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահը։