ԱՄՆ-ի հանրային դպրոցներում վերջին մեկ տարվա ընթացքում գրքերի արգելման կամ դպրոցական գրադարաններից հեռացման շուրջ 12 հազար դեպք է արձանագրվել։ Ըստ գրքերի հեռացման դեպքերին հետևող PEN America իրավապաշտպան և գրական կազմակերպության տվյալների՝ սա վերջին հինգ տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է գրքերի արգելման 11 982 դեպք, որոնք վերաբերել են 7 370 առանձին ստեղծագործության։ Դրանցից ավելի քան 4 500-ն առաջին անգամ են հայտնվել արգելված կամ հեռացված գրքերի ցանկում։
Երկրորդ տարին անընդմեջ ամենաշատը թիրախավորվել են ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգի ստեղծագործությունները։ Նրա գրքերը դպրոցական գրադարաններից հեռացվել են 312 անգամ։ Թիրախավորված ստեղծագործությունների թվում են «The Shining» («Շողքը») և «The Green Mile» («Կանաչ մղոնը») վեպերը։
Միևնույն ժամանակ, առանձին ստեղծագործությունների շարքում հեռացման ամենաշատ դեպքերն արձանագրվել են Պատրիկ ՄաքՔորմիքի «Sold» վեպի պարագայում։ Այն պատմում է Հնդկաստանում սեռական ստրկության վաճառված աղջկա մասին։ PEN America-ն այդ գրքի հեռացման 25 դեպք է արձանագրել։
Թիրախավորված գրքերի թվում են նաև Մարգարեթ Աթվուդի «The Handmaid’s Tale»-ը, Լորի Հալս Անդերսոնի «Speak»-ը և Էլեն Հոփքինսի «Crank»-ը։
PEN America-ի տվյալներով՝ գրքերի դեմ բողոքների և դրանց հեռացման ամենատարածված պատճառները շարունակում են մնալ ռասայի ու ռասիզմի, սեռականության և գենդերային ինքնության թեմաները։
Գրքերի արգելման դեպքերի զգալի մասը գրանցվել է Ֆլորիդայի և Տեխասի նահանգներում, որտեղ վերջին տարիներին դպրոցներում գրականության և կրթական բովանդակության նկատմամբ ընդունվել են ավելի խիստ սահմանափակումներ։
PEN America-ն նաև արձանագրել է, որ դպրոցական շրջանների ղեկավարներն ավելի հաճախ են օգտագործում արհեստական բանականության գործիքներ՝ որոշելու, թե որ գրքերը պետք է հեռացվեն դպրոցական գրադարաններից։
