ԱԺ-ն առանց ընդդիմության հաստատել է եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամների թիվը

Հայաստանի Ազգային ժողովը հաստատել է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) շուրջ իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։ Հանձնաժողովում կընդգրկվի 11 պատգամավոր։ Որոշմանը կողմ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» 62 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չեն գրանցվել։ Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։

Ներկայացված նախագծի համաձայն՝ հանձնաժողովում յոթ տեղ նախատեսված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, երեքը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության, մեկը՝ «Հայաստան» խմբակցության համար։

Հանձնաժողովն ավելի վաղ ստեղծվել էր 38 պատգամավորի՝ ԱԺ կազմի ավելի քան մեկ քառորդի պահանջով։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ նման դեպքում հանձնաժողովը ստեղծվում է օրենքի ուժով, իսկ խորհրդարանն առանձին որոշմամբ սահմանում է դրա անդամների թիվը։ Հանձնաժողովը գլխավորել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Պաշտոնական ձևակերպմամբ՝ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի «մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամը», ինչպես նաև դրա հետ կապված հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ-ի բացառիկ առաքելության իրականացման հարցերը։

Հանձնաժողովի անդամների թվի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնելիս Եղոյանը հայտարարել է, որ ՀԱԵ-ի առանձնահատուկ կարգավիճակն ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ։ Նրա կարծիքով՝ եկեղեցուն տրված առանձնահատուկ իրավունքներին պետք է համապատասխանեն նաև պատասխանատվության համապատասխան մեխանիզմներ։

Եղոյանը նաև հայտարարել է, որ եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը պետք է գործի երկու ուղղությամբ։ Նրա գնահատմամբ՝ այդ սահմանը խախտվել է, երբ եկեղեցու ներկայացուցիչները մտել են քաղաքական դաշտ և մասնակցել քաղաքական շարժման։

Պատգամավորը թվարկել է այն հարցերը, որոնցով նախատեսում է զբաղվել հանձնաժողովը։ Դրանց թվում են բարեվարքության նորմերի հնարավոր խախտումները, ՀԱԵ-ի թեմերի և կառույցների ֆինանսական տեղեկատվության թափանցիկությունն ու հարկային պարտավորությունների կատարումը, եկեղեցական գույքի իրավական կարգավիճակն ու օգտագործումը, ինչպես նաև Ազգային-եկեղեցական ժողովի, եպիսկոպոսական և այլ ներկայացուցչական ժողովների պատշաճ գումարման հարցերը։

Հանձնաժողովը նաև նախատեսում է ուսումնասիրել եկեղեցու և պետական իշխանության տարանջատման, բարձրաստիճան հոգևորականների քաղաքական գործունեության, ինչպես նաև ՀԱԵ կանոնադրության հնարավոր խախտումների հետ կապված հարցերը։

Ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ կասկածի տակ էին դրել նման հանձնաժողով ստեղծելու սահմանադրականությունը, օրինականությունն ու նպատակահարմարությունը։ Եղոյանը, անդրադառնալով այդ առարկություններին, ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու առանձնահատուկ սահմանադրաիրավական կարգավիճակը։

Իշխանություն-եկեղեցի հակադրությունը սրվել էր 2025 թվականի մայիսի վերջին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ էր հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին և պահանջել, որ նա հեռանա։ Սեպտեմբերին Փաշինյանի հանձնարարությամբ պատրաստված զեկույցում  ներկայացվել էր ՀԱԵ-ին առնչվող ծրագիր, որը նախատեսում է նաև Գարեգին Բ-ի հեռացում, եկեղեցու նոր առաջնորդի ընտրություն։

Leave a Comment