Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ խաղաղապահ առաքելությունների գծով հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդական Արյեհ Լայթսթոունին:
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:
Քննարկվել է ադրբեջանա-ամերիկյան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում նշվել է Բաքվի էներգետիկ շաբաթվա և Ադրբեջանի 2-րդ միջազգային ներդրումային ֆորումի ընթացքում էներգետիկայի, ներդրումների, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում ձեռք բերված համաձայնագրերի ներդրումը երկկողմ ռազմավարական գործընկերության տնտեսական հիմքերի ամրապնդման գործում:
Ընդգծվել է, որ TRIPP նախագիծը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման գործում՝ ապահովելով Ադրբեջանի տարածքով անխոչընդոտ կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և տարածաշրջանային ավելի լայն տարանցիկ հնարավորությունների ձևավորումը։
Հանդիպմանը նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Կողմերը շեշտել են ադրբեջանա-ամերիկյան ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական արդյունքների վերածելու համար։