ՀՀ կառավարությունը նախորդ շաբաթ հաստատել և Ազգային ժողով է ուղարկել 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Բյուջեի ուղերձում նշվում է, որ դրա սոցիալ-տնտեսական ուղղվածությունը նպատակ ունի ավելի սերտորեն կապել տնտեսական զարգացումն ու սոցիալական քաղաքականությունը՝ պետական ֆինանսական միջոցներն ուղղելով այն ծրագրերին, որոնք, կառավարության գնահատմամբ, ապահովում են առավել մեծ և կայուն սոցիալ-տնտեսական արդյունք։
Ուղերձում առանձնացված են մի շարք ծրագրեր, որոնց ֆինանսավորման համար նախատեսված են խոշոր գումարներ։ Radar Armenia-ն ներկայացնում է այդ ծրագրերը։
Ամենամեծ հատկացումներից մեկը՝ 60 մլրդ դրամ, նախատեսվում է կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումներից հետվճար տրամադրելու համար։ Այս գումարը 2026 թվականի նախատեսված հատկացումից 40 մլրդ դրամով ավելի է։
54 մլրդ դրամ նախատեսվում է Ղարաբաղից ՀՀ բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության համար, այդ թվում՝ կեցության և բնակարանային ապահովման ծախսերի նպատակով։
Հայտարարատու ֆիզիկական անձանց կողմից անկանխիկ եղանակով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման համար 2027 թվականին նախատեսվում է 22 մլրդ դրամ՝ 2026 թվականի 10 մլրդ դրամի փոխարեն։
Arca ազգային վճարահաշվային համակարգով անկանխիկ վճարումներից հետվճարի համար նախատեսվում է 3.5 մլրդ դրամ։
«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար 2027 թվականին նախատեսվում է 6.8 մլրդ դրամ։ Միջոցները կուղղվեն շինարարական աշխատանքներին, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերմանն ու պայմանագրերի սպասարկմանը։
Կառավարությունը նախատեսում է նաև կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել 159 դպրոց և 4 մանկապարտեզ՝ դրանք ապահովելով անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։ Ուսուցիչների և մի շարք այլ մանկավարժական աշխատողների ատեստավորման արդյունքում նախատեսվում է նաև նրանց աշխատավարձերի աճ։
Ճանապարհային ոլորտում նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 260 կմ ճանապարհ և 8 տրանսպորտային օբյեկտ, ինչպես նաև միջին նորոգում իրականացնել 120 կմ ճանապարհի վրա։
Պետական աջակցությունը կշարունակվի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին՝ նոր աշխատողների ներգրավման, վերապատրաստման և աշխատանքային միգրանտների համար։
Կշարունակվեն նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրերը, այդ թվում՝ անասնաբուծության, ինտենսիվ այգեգործության, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների լիզինգի ուղղություններով։
Ավիացիայի ոլորտում ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներ կփոխադրեն «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ։
Բնակարանների և անհատական տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրով նախատեսվում է սուբսիդավորել արդեն ներգրավված վարկերի տոկոսադրույքները 34,555 շահառուի համար։
Անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող և աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագրի համար նախատեսվում է 1.6 մլրդ դրամ։
2027 թվականին կշարունակվի նաև առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրումը. 2027թ. հունվարի 1-ից նախատեսվում է ապահովագրության ծրագրում ներառել նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներին։
Ա.Գ.
