Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նեբրասկայի նահանգի Գրենդ Այլենդ քաղաքում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ հրամանագիր է ստորագրել չհարկվող կարմիր դիզելային վառելիքի օգտագործման սահմանափակումները մեղմացնելու վերաբերյալ։ Համապատասխան տեսանյութը տարածել է USA Today-ը։

Նա հայտարարել է, որ այդ միջոցը պաշտոնապես վերացնում է այն պահանջը, ըստ որի դիզելային վառելիքը չպետք է օգտագործել ընդհանուր օգտագործման ճանապարհներին, և բոլոր ցանկացողներին թույլ է տալիս ձեռք բերել կարմիր ներկանյութով չհարկվող դիզելային վառելիքը՝ ցանկացած նպատակի համար։

Նա այդ հրամանագիրը համարել է «ծախսերի նվազմանն ուղղված աննախադեպ քայլ», որը զգալիորեն կնվազեցնի բոլոր ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի գինը։

«Հուսով եմ՝ դրա կարիքը երկար չենք ունենա, քանի որ գներն առանց այդ էլ արագորեն նվազում են և շուտով էլ ավելի կնվազեն», – ասել է ԱՄՆ նախագահը։

Ըստ Սպիտակ տան տվյալների՝ «կարմիր» դիզվառելիքն օգտագործելու թույլտվությունը գործելու է մինչև տարեվերջ։

Կարմիր ներկանյութով դիզվառելիքը սովորաբար օգտագործվում է գյուղատնտեսական և շինարարական տեխնիկայի համար և չի ենթարկվում մեկ գալոնի դիմաց 24 ցենտի չափով դաշնային ակցիզային հարկի։

Leave a Comment