Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ելույթ է ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին և անդրադարձել էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճին։
«Արհեստական բանականության ոլորտի արդեն այնքան հաստատված ներդրումային ծրագրեր կան, որ 1.5 տարի առաջվա համեմատ, երբ մենք մեզ դիրքավորում էինք էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող երկիր, որը պետք է արտահանման շուկաներ փնտրի, այսօր արդեն արձանագրում ենք, որ հաստատված ներդրումային ծրագրերի շրջանակներում մոտենում ենք այն շեմին, որ առանց լրացուցիչ և մեծ էլեկտրաէներգիայի արտադրության հզորություններ ստեղծելու, մենք դրա արտահանման մասին մտածելու հնարավորթւույուն չենք ունենա»,- հայտարարել է վարչապետը։
Նա նաև խոսել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և նշել, որ տարածաշրջանի համար TRIPP նախագծի իրագործումից հետո ներդրումային գրավիտացիան կմեծանա և բազմաոլորտ ներդրումներ կարվեն երկրում։
«Բոլոր կոմունիկացիաներին զուգահեռ՝ այսօր արդեն դիտարկվում և քննարկվում են գազամուղի և նավթամուղի կառուցման հնարավորությունները։ Նաև էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ ենք ունենում»,- ընդգծել է վարչապետը։
Իր ելույթը Փաշինյանն ամփոփել է այն մտքով, որ ներքին սպառումը արդեն և հատկապես, այդ թվում՝ տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտի ներդրումների շնորհիվ, կաճի այնքան, որ արտահանելու համար լրացուցիչ էլեկտրաէներգիայի կարողություններ պետք է գեներացվեն։
