Ընտանեկան թմրաբիզնես Շիրակում․ մարիխուանա, կանեփի բույսեր և մեթադոն – Նորություններ 06.10.2026

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Գյումրու Ղանդիլյան փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է թմրանյութ։

Հետագա միջոցառումներով ստացվեց նոր տեղեկություն, որ նրա հորեղբայրն ու ընկերը, համապատասխանաբար՝ Վահրամաբերդ գյուղի իր շինությունում և Ղանդիլյան փողոցի տանը նույնպես պահում են մեծ քանակի թմրանյութ։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Համատեղ իրականացված վարույթային գործողությունների արդյունքում սեպտեմբերի 28-ին Վահրամաբերդ գյուղի 57-ամյա հորեղբոր տանը կատարված զննությամբ հայտնաբերվեց ավելի քան 50 գրամ մարիխուանա, թմրանյութ պատրաստելու պարագաներ և կանեփի 17 բույս, իսկ 48-ամյա ընկերոջ տանը՝ ընդհանուր 93 գրամ մարիխուանայով փաթեթներ, պլաստիկ տարաներում լցված 200 գրամից ավելի մարիխուանա։

Խուզարկություն կատարվեց նաև Գյումրիի 36-ամյա բնակչի տանը։ Հայտնաբերվեց մեթադոնային լուծույթով սրվակ, ընդհանուր 700 գրամից ավելի մարիխուանայով ապակե երեք տարա, կաթուցիչներ, կանեփի սերմ, սպիտակ փոշենման և բյուրեղանման զանգվածներ։

Շենքի հետնամասում գտնվող տնակում էլ հայտնաբերվեց մոտ 200 գրամ մարիխուանա, կանեփի սերմ ու կաթուցիչներ։

36-ամյա տղամարդն ու հորեղբայրը ձերբակալված են։ Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

Leave a Comment