Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը ավարտվել է աֆղան ժողովրդի դիմադրության պայմաններում։
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հզոր ռազմական մեքենան կոտրվեց աֆղան ժողովրդի մարտական ոգու և տոկունության առաջ։ Օկուպանտները ստիպված եղան հեռանալ», – ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ իշխանության եկած «Թալիբան» շարժման գլխավորած կառավարությանը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել երկրի տարածքը. «պետք է ընդունել, որ բավական հաջող կառավարել է երկիրը»։
Լավրովը նաև նշել է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը «անզիջում պայքար են մղում» «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանի և այլ երկրների ընդհանուր շահերից է բխում աջակցել Քաբուլի հակաահաբեկչական կարողությունների ամրապնդմանը՝ տրամադրելով նյութատեխնիկական և փորձագիտական աջակցություն, ինչպես նաև պահպանելով կապերը հետախուզական և անվտանգության ծառայությունների միջև։
