
«Հրապարակ»-ը գրում է. «Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կալանքի հետ կապված։ Վերաքննիչ դիմել էր Բեգլարյանի պաշտպանը։ Փաստաբան Հրանտ Անանյանը մեր զանգերին և նամակներին չպատասխանեց։
Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Սեպտեմբերի 28-ին պաշտպանների կողմից բողոք է եղել, որը մերժվել է»։ Բեգլարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Բեգլարյանը կալանավորվել է հունիսի 5-ին՝ ընտրություններից 2 օր առաջ, ապա նրա կալանքը երկարացվել է ևս երկու անգամ՝ յուրաքանչյուր անգամ՝ 2 ամսով: Վերջին որոշումը կայացվել է սեպտեմբերի 2-ին»: