«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ է արել Սյունիքի մարզի Շաքի գյուղում կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին չհանձնել Բաքվին։
«Ինքը հանցագործ է, ինքը սպանության փորձ է արել, ինքը պետք է նստի»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Կարապետյանը։
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին զինված հարձակում էր գործել Շաքի գյուղում բնակվող ընտանիքի վրա։ Նա մուտք էր գործել տուն, պատանդ վերցրել դպրոցից վերադարձած երկու երեխաներին, իսկ երբ մայրը փորձել էր պաշտպանել նրանց, կրակել էր կնոջ վրա։ Վնասվածքներ են ստացել նաև երեխաներից երկուսը։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել էր երկու ամսով։
Հաղորդավարի հարցին, թե արդյո՞ք ադրբեջանցի զինծառայողին չվերադարձնելը չի հանգեցնի նրան, որ հետագայում Բաքուն հրաժարվի վերադարձնել մոլորված և պատահաբար սահմանը հատած հայ զինծառայողներին, Կարապետյանը պատասխանել է, որ այդ դեպքերը չի կարելի նույնացնել։
Նրա խոսքով՝ մոլորված հայ զինծառայողները սահմանը հատելուց հետո հանցագործություն չեն կատարում, մինչդեռ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը հանցագործություն է կատարել։ Կարապետյանը հիշեցրել է նաև Քաջարանի հանքի աշխատակցի սպանության դեպքը։
«Մոլորված զինվոր լիներ, մենք դա չէինք ասի։ Մոլորված զինվոր չի սա, հանցագործ է»,- ընդգծել է Կարապետյանը։
Կարապետյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի անվտանգությանը՝ ասելով, որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում Հայաստան անցած երկու ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ դեպքերում մարդիկ են տուժել։
«Այդ մի հոգուն չեք կարում տիրություն անեք, ո՞նց եք թողնում բաց սահման, ապահովում, որ գան-լցվեն այստեղ, ինչպե՞ս է իշխանության քաղաքականությունը շարժվում»,- ասել է Կարապետյանը։
Անդրադառնալով սահմանազատմանը՝ Կարապետյանը հիշեցրել է իր քաղաքական ուժի դիրքորոշումը, որ սահմանի ճշգրտումը պետք է սկսել Ջերմուկից, Վարդենիսից և Տեղ գյուղից։ Նա դա հիմնավորել է նրանով, որ գործընթացը պետք է սկսվի Հայաստանի տարածքային ամբողջականության տեսանկյունից խնդրահարույց հատվածներից, այլ ոչ այն վայրերից, որտեղ, իր խոսքով, Ադրբեջանը տարածքային ձեռքբերումներ է ակնկալում։
«Մենք ունենք սահմանազատման ծրագիր, բայց դա սկսվում է Ջերմուկից»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա հավելել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շրջանակներում առաջին քայլը պետք է լինի հենց սահմանի ճշգրտման մեկնարկը Ջերմուկից, Վարդենիսից, Տեղ գյուղից։ Ոչ թե սկսվի այն տեղերից, որտեղ իրենք տարածքային ինչ-որ ձեռքբերումներ են ունենում»,- հավելել է նա։
Հաղորդավարը նաև հարցրել է Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին։ Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ օրենսդրությամբ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածք է, և մերժել է այն Ադրբեջանին հանձնելու մոտեցումը։
«Տիգրանաշենն իրենցը չէ, Հայաստանի օրենքներով Տիգրանաշենը հայկական է»,- ասել է նա։
Տիգրանաշենի շուրջ բանավեճի ընթացքում Կարապետյանը նաև հարցրել է. «Առաջարկն ի՞նչ է, Սյունիքի ճանապարհը նվիրե՞նք իրենց»։
ՀՀ վարչատարածքային բաժանման մասին 1995 թվականի օրենքով Տիգրանաշենը ներառված է Արարատի մարզի կազմում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսին հայտարարել էր, որ Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ՝ այն անվանելով «Քյարքի»։ Սեպտեմբերի 17-ին նա ասել էր, որ Տիգրանաշենի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա, իսկ հանրաքվեի անհրաժեշտությունը պարզ կդառնա սահմանազատման արդյունքում։
Կարապետյանը նաև հիշեցրել է ավելի վաղ ներկայացրած մոտեցումը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և TRIPP-ի գործընթացը պետք է ուղեկցվեն Հայաստանի տարածքային ամբողջականության միջազգային երաշխիքներով։
«Մենք ունենք տարածաշրջանային երաշխավորների գործիք։ […] Պատրաստ եմ ստորագրել, եթե մենք ունենանք մեր տարածքային ամբողջականության երաշխավորը»,- հայտարարել է նա։ Որպես հնարավոր երաշխավորներ Կարապետյանը հիշատակել է Իրանը, Ռուսաստանը և այլ երկրներ։
Դիտեք նաև՝
