ԵԽԽՎ-ն ՀՀ ընտրությունները հավասարեցրել է Ադրբեջանի և Թուրքմենստանի ընտրություններին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները գնահատել է նույն մակարդակով, ինչ Ադրբեջանի և Թուրքմենստանի ընտրությունները, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ գնահատելով ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը։

ԵԽԽՎ-ն Հայաստանի ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը ներկայացրել էր սեպտեմբերի 28-ին՝ Ստրասբուրգում վեհաժողովի աշնանային նստաշրջանի առաջին օրը։ Զեկույցը պատրաստել էր ընտրությունների դիտորդական առաքելությունը ղեկավարած շվեյցարացի պատգամավոր Դամիեն Կոտիեն։

Հաղորդավարը Կարապետյանի ուշադրությունը հրավիրել է ԵԽԽՎ զեկույցի եզրահանգման վրա, ըստ որի՝ Հայաստանի ժողովուրդը, չնայած արձանագրված թերություններին և արտաքին ճնշումներին, ժողովրդավարական դիմադրողականություն է ցուցաբերել, իսկ նորընտիր իշխանությունները ստացել են ժողովրդի հստակ մանդատը։

Կարապետյանը հայտարարել է, որ համաձայն չէ զեկույցի այդ եզրահանգման հետ՝ այն քաղաքական գնահատական համարելով։ Զրույցի ընթացքում նա որպես օրինակ հիշատակել է Թուրքմենստանն ու Ադրբեջանը՝ պնդելով, որ նման գնահատականներ տրվում են նաև այլ երկրների ընտրություններին։ «Դա քաղաքական գնահատական է»,- ասել է նա։

Միաժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ ընդունում է ԵԽԽՎ զեկույցում արձանագրված ընտրական խախտումների և խնդիրների վերաբերյալ փաստերը։ Նա, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել ընտրատեղամասերում արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալներին։ «Բառացի 44% ընտրատեղամասերում խախտում է արձանագրվել»,- ասել է Կարապետյանը։

Նա նաև անդրադարձել է ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումների վերաբերյալ զեկույցի հատվածներին։

«Վերջին տարիներին նկատվել է իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր թեկնածուների, ակտիվիստների դեմ զանգվածային քրեական հետապնդումներ: Գրեթե բոլոր դեպքերն ուղղված էին ընդդիմության կամ ընդդիմադիր հայացք ունեցողների շահերի դեմ: Զեկույցի կազմման պահին նման դեպքերով որևէ դատավճիռ չի եղել, և սա թույլ է տալիս ենթադրել, որ դա ունեցել է քաղաքական պատճառներ:»,- մեջբերել է Կարապետյանը փաստաթղթից։

Կարապետյանն առանձնացրել է նաև ընտրությունների լուսաբանման վերաբերյալ ԵԽԽՎ-ի դիտարկումները։ Նրա խոսքով՝ փաստաթղթում արձանագրվել է Հանրային հեռուստաընկերության և մի շարք խոշոր մասնավոր հեռարձակողների կողմնակալությունը հօգուտ իշխող ուժի։

«Հանրային հեռուստատեսությունը և մի քանի հիմնական մասնավոր հեռարձակողներ ցուցադրեցին ակնհայտ կողմնակալություն իշխող կուսակցության օգտին»,- մեջբերել է նա զեկույցից։

Հաղորդավարի հարցին՝ այդ դեպքում ընդունո՞ւմ է արդյոք ԵԽԽՎ-ի եզրահանգումը, որ նորընտիր իշխանությունները ստացել են ժողովրդի հստակ մանդատ, Կարապետյանը կրկնել է, որ ընդունում է փաստաթղթում արձանագրված խախտումները, բայց ոչ դրա քաղաքական գնահատականը։

Անդրադառնալով ընտրական գործընթացի վրա արտաքին ազդեցության վերաբերյալ ԵԽԽՎ-ի գնահատականին՝ Կարապետյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանը» բացասական է գնահատում Հայաստանի ընտրական գործընթացի վրա ցանկացած արտաքին ազդեցություն։

«Բոլոր ազդեցությունները հայկական ընտրական պրոցեսների վրա, որոնք, ի դեպ, առաջացել են Փաշինյանի իշխանության արդյունքում, մենք դրական չենք գնահատում»,- ասել է նա։

Կարապետյանը միաժամանակ չի համաձայնել զեկույցի այն հատվածի հետ, որտեղ, նրա մեկնաբանությամբ, Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների սրացումը կապվում է ընտրական գործընթացի հետ։

«Տնտեսական սանկցիաները Հայաստանի դեմ առաջացել են Հայաստանի կառավարության քայլերի դեմ»,- հայտարարել է նա։

Նա նաև պնդել է, որ Հայաստանի ընտրական գործընթացին տարբեր երկրների կողմից միջամտություն կար։ Որպես օրինակ Կարապետյանը հիշատակել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները՝ դրանք գնահատելով որպես աջակցություն Փաշինյանին։

«Google-ով նայեք, որ Ֆիդանը Փաշինյանին աջակցող հայտարարություն է անում»,- ասել է Կարապետյանը։

ԵԽԽՎ զեկույցում զգալի ուշադրություն է դարձվել ընտրարշավի վրա օտարերկրյա ազդեցությանը։ Ամենախիստ գնահատականները փաստաթղթի հեղինակները տվել են Ռուսաստանի գործողություններին, որոնք նրանք գնահատել են որպես ընտրողների ընտրության վրա ընդդիմադիր և հակակառավարական ուժերի օգտին ազդելու փորձ։ Միևնույն ժամանակ զեկույցում Ռուսաստանի կողմից կոնկրետ ընդդիմադիր քաղաքական ուժերին ուղղակի աջակցության մասին տվյալներ չեն բերվում։

Հեղինակները հղում են անում առևտրային սահմանափակումներին, էներգառեսուրսների մատակարարման պայմանների վերանայման սպառնալիքներին, դիվանագիտական հռետորաբանությանը, Ռուսաստանի հետ կապված տեղեկատվական արշավներին, ինչպես նաև դիտորդներին հասած տեղեկություններին՝ Ռուսաստանում հայ քաղաքացիների և գործարարների վրա գործադրված ճնշումների մասին։

Միաժամանակ ԵԽԽՎ-ն մատնանշել է արևմտյան և եվրոպական պաշտոնյաների հրապարակային աջակցությունը գործող իշխանությանը։ Փաստաթղթում ասված է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունները նույնպես ընկալվել են որպես արտաքին միջամտություն։ Սակայն զեկույցի հեղինակները կարծում են, որ այդ միջամտությունը չի ունեցել այն հարկադրական բնույթն ու մասշտաբը, որոնք նրանք վերագրում են Ռուսաստանի գործողություններին։

Ընտրություններից առաջ Փաշինյանին աջակցություն էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով մայիսի 28-ին Truth Social սոցցանցում գրել էր, որ Փաշինյանն ունի իր «լիակատար և անվերապահ աջակցությունը»՝ հունիսի 7-ի վերընտրության համար։ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան «իսկապես աջակցում է» Փաշինյանի կառուցողական դերին և կարևորում է, որ «այդ գիծն ու կամքը շարունակվեն»։

Leave a Comment