«Աբսուրդ», «ծաղրանք» և «արդարացի է». հարցում՝ թոշակների 1000 դրամով բարձրացման մասին

Կառավարությունը նախատեսում է նվազագույն կենսաթոշակը 2027 թվականի հունվարի 1-ից բարձրացնել 1000 դրամով՝ 46 000-ից դարձնելով 47 000 դրամ (մոտ $130)։ Դա մոտ 2,2 տոկոս է, մինչդեռ 2027 թվականի պետական բյուջեի նախագծում գնաճը կանխատեսվում է 3 տոկոս։

Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։ Նախարարների պաշտոնային դրույքաչափը 998 000 դրամից (մոտ $2760) կհասնի գրեթե 2 մլն դրամի (մոտ $5500), պատգամավորներինը՝ 832 000 դրամից (մոտ $2300) մոտ 1,5 մլն դրամի (մոտ $4150), իսկ վարչապետինը՝ մոտ 1,4 մլն դրամից (մոտ $3900) շուրջ 2,6 մլն դրամի (մոտ $7200): Նվազագույն կենսաթոշակը վերջին անգամ բարձրացվել է 2026 թվականի ապրիլի 1-ից՝ 36 000 դրամից դառնալով 46 000 դրամ։

Armenia Today-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպես են նրանք գնահատում նախատեսվող բարձրացումները։

Հարցմանը մասնակցածների մեծ մասը քննադատել է թոշակի 1000 դրամով բարձրացումը՝ այն անբավարար համարելով հատկապես պաշտոնյաների աշխատավարձերի նախատեսվող բարձրացման համեմատ։

Հարցվածներից ոմանք մատնանշել են, որ թանկացումների պայմաններում 1000 դրամի հավելումը չի կարող էական ազդեցություն ունենալ թոշակառուների առօրյա ծախսերի վրա։ «1000 դրամը եղանակ չի փոխի այս թանկության մեջ»,- ասել է հարցվածներից մեկը։

Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ նման չափով բարձրացումը չի լուծի թոշակառուների խնդիրները և ավելի շուտ ծաղրանքի տպավորություն է թողել։

«Չավելացնեն այդ 1000 դրամը, ոնց որ ծաղրանք լինի»,- ասել է նա։

Խոսելով կենսաթոշակի այն չափի մասին, որը կարող է բավարարել նվազագույն կարիքները՝ հարցվածներից շատերը նշել են առնվազն 100 000 դրամ։ Մյուսները կենսաթոշակի չափը կապել են միջին աշխատավարձի կամ սպառողական զամբյուղի հետ։ Քաղաքացիներից մեկը ասել է, որ 1000 դրամը չափազանց փոքր գումար է թոշակառուի որևէ էական կարիք հոգալու համար։

«Միջին աշխատավարձի գոնե կեսը պետք է լինի։ Եթե 300 կամ 400 է, գոնե մի 150-200 պետք է լինի թոշակը»,- ավելացրել է հարցմանը մյուս մասնակիցը։

Հարցվածներից շատերը ուշադրություն են հրավիրել կենսաթոշակների և պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման չափերի տարբերության վրա՝ այն անարդարացի համարելով։

«Իրենցը միշտ էլ բարձրանում է, մերը տեղում է մնում։ Կյանքի հերթական անարդարացիությունն է»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցվող առաջարկել է հակառակ իրավիճակը պատկերացնել՝ պաշտոնյաներին տալ թոշակառուների եկամուտը, իսկ թոշակառուներին՝ պաշտոնյաների աշխատավարձը։

«Դեպուտատների փողը տան թոշակառուներին, թոշակառուների փողը տան դեպուտատներին»,- ասել է նա։

Նման կարծիք է հայտնել նաև մեկ այլ մասնակից՝ առաջարկելով պաշտոնյաներին իրենց փորձով զգալ, թե ինչ է նշանակում ապրել այդ չափի թոշակով։ «Պաշտոնյաները գտնում են, որ իրենց ավելի պիտի բարձրանա, թոշակառուներինը՝ քիչ։ Ուրեմն իրենք էլ հասնեն այդ թոշակառուներին և այդքանը ստանան»,- ասել է նա։

Միաժամանակ հարցման երկու մասնակից պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն արդարացված են համարել՝ դա կապելով նրանց պատասխանատվության և աշխատանքի բնույթի հետ։

«Այո, որովհետև իրենց պատասխանատվությունն ավելի մեծ է»,- ասել է հարցվածներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի բարձր աշխատավարձը դիտարկել է որպես կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու միջոց։ «Անընդհատ քարոզում ենք, որ վերևից կաշառակերություն չլինի, կաշառք չվերցնեն։ Բայց աշխատում են մարդիկ, չէ՞։ Աշխատավարձը պետք է բարձրացնեն, որ մարդիկ աշխատեն, զերծ մնան այդպիսի այլևայլություններից»,- ասել է նա։

Leave a Comment