Ինչ է բացահայտելու ԱԺ քննիչ հանձնաժողովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչ է բացահայտելու ԱԺ քննիչ հանձնաժողովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն այլևս միայն եկեղեցական հարց չէ. հայտարարում է իշխանությունը։ Ազգային ժողովում ձևավորվել է քննիչ հանձնաժողով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի գլխավորությամբ։ Այն կուսումնասիրի Եկեղեցու շուրջ կուտակված խնդիրներն ու դրանց հնարավոր հետևանքները։ 

Ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, չեն պատրաստվում ներգրավվել հանձնաժողովում ու մասնակցել աշխատանքներին․ 

«Եթե մասնակցենք, օրինականացնելու ենք այս ապօրինի գործընթացը, որն արդեն մեկուկես տարի ընթանում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ»։

 «Մենք չենք մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև հանձնաժողովն, ինքնին, հակասահմանադրական է»։  

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ընդդիմության որոշումը համարում է կանխատեսելի։ Նա պնդում է՝ հանձնաժողովից դուրս մնալով՝ ընդդիմությունը փորձում է կասկածի տակ դնել դրա աշխատանքը․

«Ընդդիմության նպատակն իրենց հետ կապված խնդիրները կոծկելն է, ու երբ հարցը հասնում է, որ իրական աշխատանք պետք է տարվի, մշտապես ասում են՝ այդ խնդիրները պետք է փաստարկվեն, բացահայտվեն կամ ուսումնասիրվեն և այլն: Հիմա եկել է այդ խնդիրները օբյեկտիվորեն բացահայտելու, հասկանալու և որոշումներ կայացնելու ժամանակը»։ 

Այսինքն, մի կողմում «կեղծ օրակարգի» մասին հայտարարությունն է, մյուսում՝ պնդումը, որ հենց այդ օրակարգն է թույլ տալու բացահայտել Եկեղեցու ներսում կուտակված խնդիրները։ 

Իսկ ի՞նչ է լինելու հանձնաժողովի սեղանին։

Կառավարության հրապարակած զեկույցում առանձնացված է 16 տարբեր խնդիր՝ ֆինանսական թափանցիկությունից մինչև Եկեղեցու կառավարման համակարգ։ Առաքելյանի խոսքով՝ այդ զեկույցը վերջնական ճշմարտություն չէ, բայց կարող է դառնալ ուսումնասիրության մեկնարկային կետ․ 

«Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի յուրաքանչյուր իրավիճակ, դեպք, փաստ, և, բնականաբար, այդ զեկույցը նաև հիմք կհանդիսանա ինչ-որ տեղից սկսելու համար, քանի որ դա պետական մակարդակով հրապարակված զեկույց է… Այնպես որ, այս զեկույցն, իհարկե, կօգնի հանձնաժողովին, բայց միևնույն ժամանակ չի բացառվում, որ հանձնաժողովը նաև այլ փաստեր գտնի, արձանագրի և բացահայտի»։

Նկատենք՝ կառավարությունը խոսում է նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Իսկ դա նշանակում է՝ ուսումնասիրությունից հետո կարող են լինել արդեն կոնկրետ օրենքների փոփոխության առաջարկներ։

Առաքելյանի խոսքով՝ այդ փաթեթը պետք է ձևավորվի միայն ուսումնասիրության ավարտից հետո։

Իսկ պետության միջամտության սահմանը որտե՞ղ է ավարտվում, և որտե՞ղ է սկսվում Եկեղեցու ինքնակառավարումը։

«Քանի որ մենք շատ ենք խոսում, որ չպետք է եկեղեցու գործերին խառնվել, էդ եկեղեցին ինչ-որ օդից ստեղծված կառույց չէ, եկեղեցին ժողովրդի ստեղծած կառույցն է»։

Նա պնդում է՝ պետությունը պետք է ստեղծի մեխանիզմներ, որոնք, իր բնորոշմամբ, Եկեղեցուն կհեռացնեն քաղաքականությունից և օտար ազդեցություններից․

«Վերջիվերջո, ԱԱԾ-ն հրապարակել է փաստաթուղթ, որով փաստվում է, որ եկեղեցու փաստացի պետի եղբայրը գործակալ է եղել, ու սա ոչ ոքին չի հետաքրքրում»։

Առաքելյանը պնդում է՝ եկեղեցում ճգնաժամ կա, և հանձնաժողովը հենց դրա համար է անհրաժեշտ։

Նրա համոզմամբ՝ պետությունը ոչ թե ստեղծել է ճգնաժամը, այլ արձանագրում է այն․

«Պետությունը չի բերել էդ ճգնաժամը, պետությունը փաստում է, որ ճգնաժամ կա, ու դա օբյեկտիվ է։ Ու էդ ճգնաժամը ազդում է ուղիղ պետության, հասարակության, պետական ու ազգային, հոգևոր անվտանգության վրա, և հետևաբար, պետությունը չի կարող կողքից դիտել դա»։

Մինչ այդ, նկատենք, սա նոր ձևավորված խորհրդարանի առաջին քննիչ հանձնաժողովն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment