ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Զեյթունում բնակիչների դռներն են թակում․ 8 կրակոց՝ Զեյթունում․ ում են փորձել սպանել

Հոկտեմբերի 2-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կրակոցներ էին հնչել: Մինաս Ավետիսյան փողոցից հրազենային վնասվածքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ էր տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 23-ամյա Գոռ Հովհաննիսանը:

Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում էր վիրահատարանում։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, 8 կրակված պարկուճ և «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի հետքեր։

shamshyan.com հայտնել էր, որ «Mercedes»-ի սեփականատերը միջադեպի հետ կապ չուներ, պարզապես նա ավտոմեքենան կայանել էր բակում, որոշ ժամանակ անց տեղեկացել էր, որ կրակոցների հետևանքով այն նույնպես վնասվել էր։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վիրավորված 23-ամյա տղամարդը հիվանդանոցում է, իսկ թե ինչն է եղել կրակոցների պատճառը, պարզում են իրավապահգները։

ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը)։ Կատարվում է նախաքննություն։

Ասել է թե, այս պահին կրակոցների գործով դեռեւս ձերբակալված անձ չկա: Ու մինչ նախաքննությունը ընթանում է, մեր նկարահանման պահին արձանագրեցինք, որ ոստիկանները շենքի բնակիչների տեսախցիկներն են ստուգում հասկանալու համար, թե ինչ է արձանագրել նրանց տան մուտքի մոտ գտնվող տեսախցիկները:

ArmLur.am-ն այսօր դեպքի վայրում զրուցել է բնակիչների հետ։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Leave a Comment