Հանրային ծառայողի օրն ու քաղաքական չեզոքության սահմանը․ հունիսի 23–ը կարող է տեղ գտնել տոնացույցում

Խորհրդարանական ընտրություններից չորս ամիս անց էլ դեռ արդիական է հարցը, թե արդյոք վարչական ռեսուրս կիրառվել է, թե ոչ։ Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ կիրառվել է, ավելին՝ չարաշահվել է այդ ռեսուրսը։ Իշխանությունն էլ պնդում է, որ նախընտրական հավաքներին մասնակցելը քաղաքացու սահմանադրական իրավունքն է։ Թեման այսօր կրկին քննարկվել է խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Բայց օրակարգային հարցը ոչ թե սա էր, այլ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով կառավարություն առաջարկում էր հունիսի 23–ը սահմանել հանրային ծառայողի օր։

Հանրային ծառայությունը մասնագիտակա՞ն, թե՞ քաղաքական գործունեություն է։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիսում այս հարցը «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանին է հետաքրքրում։ Վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է հունիսի 23–ը է նշել որպես Հանրային ծառայողի օր։ Քալաշյանը «Հանրային ծառայության մասին» օրենքն է մատնանշում, թվարկում է, թե ովքեր են համարվում հանրային ծառայողներ։ Նա անդրադառնում է հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր կամ իր աշխատակիցների վրա ճնշում գործադրվել է՝ նախընտրական քարոզարշավին ու հավաքներին մասնակցելու պահանջով․

«Քաղաքացիական ծառայության համակարգում և այն կառույցում, որը ես եմ ղեկավարում, որևէ նման միջամտություն, որևէ ազդեցություն, ճնշում չի եղել»։

«Հանրային ծառայության մասին» օրենքի 7–րդ հոդվածով սահմանված է, որ հանրային ծառայությունը հանրային իշխանություններին վերապահված լիազորությունների կատարումն է։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այլ հարց ունի Վաչե Քալաշյանին․

«Դուք, ընդհանրապես, կուսակցակա՞ն եք, թե՞ ոչ, արդյո՞ ք ընտրարշավի ժամանակ մասնակցել եք ՔՊ ընտրարշավին»։

Վաչե Քալաշյաննը վստահեցնում է, որ երբեք կուսակցական չի եղել, բայց մասնկացել է  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքին։ Նա կարծում է, որ իշխանությանը հավակնող քաղաքական ուժի ուղերձները հետագայում դառնում են կառավարության, հետևաբարար նաև քաղաքացիական ու հանրային ծառայողների համար որակյալ որոշումներ նախագծելու և ընդունված որոշումները կատարելու հիմք։

ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը առաջարկ ունի նախագծի վերաբերյալ․

«Արդյո ՞ ք չպետք է սահմանվի, որ հանրային ծառայողի անկախության երաշխիքները վարչական ռեսուրսի գործիք չդառնալու խորհուրդ պետք է ունենա»։

Վարչապետի աշխատակազմի՝ քաղծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ընդգծում է՝ ասելիքը օրենքով ամրագրված է, հանրային պաշտոն զբաղեցնողը քաղաքական չեզոքությամբ ու ոչ մասնագիտական քաղաքական միջամտությունից պաշտպանված պետական ծառայողն է կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնողը․

«Աշխատանքից հետո կայացած միտինգին իմ` որպես քաղաքացու մասնակցությանը անդրադառնալով, ասեմ, որ դրա էֆեկտն ու ազդեցությունը դուք եք գնահատում, բայց իմ գնահատմամբ դա իմ՝ որպե ս նաև  քաղաքացու դիրքորոշումն է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս կամ այն քաղաքական ուժը, որ գալիս է իշխանության, նրա  քաղաքական ծրագիրը այնուհետև դառնում է կառավարության ծրագիր, այն, ինչ որ մենք էսօր ունենք»։

Ընդդիմադիր պատգամավորները վկայակոչում էին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի մասին ԵԽԽՎ զեկույցը։ Ընդդիմությունը մատնանշում է, որ խորհրդարանական ընտրություններին իշխանական լծակներ են կիրառվել, ընտական ցուցակ մարզպետներ են ներառված եղել, որոնց մեծ մասը հրաժարվել է պատգամավորական մանդատնից։ Այս դիտարկմանը պատասխանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը․

«Ճիշտն ասած՝ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կարծում է, թե պարոն Քալաշյանը, եթե չմասնակցեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին, իրենք էին հաղթելու։ Ընկերներ, դուք սխալ գծի վրա եք։ Եթե մենք համարենք, ընդհանրապես, որևէ հանրային ծառայողի որևէ մասնակցություն քաղաքական միջոցառման, դա կլինի քաղաքացու սահմանադրական իրավունքի ոտնահարում։ Սահմանադրական դատարանը չի ասում , որ չի կարելի մասնակցել, ասում է՝ չի կարելի չարաշահել»։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանն արձագանքում է՝ ժողովրդավարական ավանդույթ ունեցող երկրներում ցուցակներ միայն պատգամավոր դառնալ ցանկացողները չեն ընդգրկվում․

«Կուսակցական ցուցակ է լինում, վարչապետի թեկնածու է լինում, նախարարների, մարզպետների թեկնածուներ են լինում։ Այսինքն, քաղաքական ցուցակը այդ քաղաքական ուժի կադրային ցանկն է։ Երբ քաղաքական ուժը ներկայացնում է իր ցուցակը, ըստ էության, ցույց է տալիս՝ ովքեր են իր պատգամավորները, հնարավոր պոտենցիալ կառավարությունը ովքեր են»։

Օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ 6 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով: Այն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

Leave a Comment