
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը մշակում է դաշինքի՝ Ռուսաստանի հետ ենթադրյալ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» հասնելու ռազմավարություն, որը ստացել է «Հաղթանակի տեսություն» անվանումը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ ծանոթանալով փաստաթղթի ոչ գաղտնի տարբերակին։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Գրինկևիչի փաստաթուղթը կներկայացվի հոկտեմբերի 12-ին Լեհաստանում և պետք է պարզաբանի, թե դաշինքն ինչպես է պատրաստվում գործել ՆԱՏՕ-ի տարածք հնարավոր ներխուժման դեպքում։
Ինչպես գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը, ՆԱՏՕ-ն հնարավոր հարձակման դեպքում ներխուժումը կասեցնելու համար նախատեսում է օգտագործել արևելյան թևում տեղակայված ցամաքային ստորաբաժանումներն ու այլ միջոցներ։ Մասնավորապես, նախատեսվում է կիրառել «ցածրարժեք անօդաչու թռչող սարքեր, անձնակազմի նվազագույն ներգրավմամբ գործող համակարգեր և արհեստական բանականության միջոցով ուղղորդման միջոցներ»։
«Երբ դաշինքը ձեռք բերի գործողությունների ազատություն, այն կձգտի ոչնչացնել հակառակորդի հրամանատարության և կառավարման համակարգերը՝ թշնամական ուժերին արագ և վճռականորեն ջախջախելու նպատակով», — հաղորդում է լրատվամիջոցը։