Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունն ու բազմակողմ համագործակցությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով։ Նա դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները և առանձնացրել «3+3» ձևաչափը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ։
Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ Իրանի կարծիքով՝ Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանում երրորդ կողմերի ներկայության և միջամտության հետ կապված մտահոգությունները։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից՝ արտաքին ուժերի միջամտությունը կանխելու պայմաններում։
Հանդիպմանը քննարկվել է նաև Մերձավոր Արևելքի իրավիճակը։ Արաղչին Միրզոյանին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Թեհրանը պատրաստ է նաև դիվանագիտական միջոցներով աշխատել լարվածության հետագա սրումը կանխելու ուղղությամբ։ կողմերը քննարկել են նաև ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում գործողությունների համակարգման հարցերը։
