Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի (ԱԳՄԱՆ) նախարար Արարատ Միրզոյանը ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ քննարկել է TRIPP-ի («Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, հայտնել է ՀՀ ԱԳՄԱՆ-ը։
Միրզոյանը ներկայացրել է TRIPP ծրագրի միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռվող նոր հնարավորությունները: Իրանական կողմը վերահաստատել է իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտի, Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման և բեռնափոխադրումների դյուրացման հարցերը:
Նախարարները կարևորել են մեդիա տիրույթում անհարկի շահարկումներին պատշաճ հակազդումը։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային զարգացումներին և կարևորում խնդիրների բանակցային կարգավորումը։
Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագրում։
TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում: Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը:
Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը:
