ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել հունիսի 23-ը Հայաստանում Հանրային ծառայողի օր սահմանելու մասին օրինագծին։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի վեց անդամ, երեքը ձեռնպահ են մնացել։ Նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի (ԱԺ) լիագումար նիստում, որը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին։
Կառավարությունն առաջարկում է նոր օրը ներառել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։ Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։
Քալաշյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը ոչ թե ծառայության առանձին տեսակի համար ևս մեկ մասնագիտական տոն սահմանելն է, այլ հանրային ծառայողների տարբեր խմբերի համար ընդհանուր օր ունենալը, որոնք միավորված են մեկ խնդրով՝ արդյունավետ պետական կառավարում և հանրային շահերին ծառայում։
Ամսաթիվն ընտրվել է՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Հանրային ծառայության օրը, որը նշվում է հունիսի 23-ին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այն հռչակել է 2002 թվականին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդգար Ղազարյանը և Հարություն Հարությունյանը կասկածի տակ են դրել նոր օրն օրենքով ամրագրելու անհրաժեշտությունը։
Ղազարյանի խոսքով՝ ՄԱԿ-ն արդեն սահմանել է հունիսի 23-ը որպես հանրային ծառայողի օր, և այն Հայաստանում հատուկ օրենքով ամրագրելու անհրաժեշտություն չկա։
Պատգամավորն ուշադրություն է հրավիրել նաև այն բանի վրա, որ ընտրված ամսաթիվը կապ չունի Հայաստանի պատմության որևէ իրադարձության հետ։
«ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ երկիր է, եթե ՄԱԿ-ը սահմանել է արդեն հունիսի 23-ը որպես օր, Հայաստանում դա կարող է նշվել, ինչպես նշվում է ենթադրենք Ծերերի միջազգային օրը։ Այսինքն ձեր ասելուց ստացվում է, որ այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը չկա, ես տպավորություն ստացա, որ դուք ուղղակի նախագիծը չեք կարդացել կամ հիմնական օրենքը չեք կարդացել»,- ասել է Ղազարյանը։
Քալաշյանը պատասխանել է, որ ՄԱԿ-ի որոշումը պարտադիր չէ անդամ երկրների համար։
«ՄԱԿ-ի բանաձևերը երբեք պարտադիր կատարման ենթակա չեն եղել անդամ որևէ երկրի կողմից, դրա համար ՄԱԿ-ը ընդամենը խրախուսել և առաջարկել է, որ անդամ երկրները իրենց մոտ այս օրը նշեն որպես հանրային ծառայողի»,- ասել է նա։
Հարությունյանը, իր հերթին, պարզաբանել է, որ խմբակցությունը դեմ չէ Հանրային ծառայողի օր սահմանելուն, սակայն օրենսդրական փոփոխությունները համարում է ավելորդ։
Նրա խոսքով՝ ամեն չկարգավորված հարց չէ, որ պետք է օրենսդրական կարգավորում ստանա, երբ նույն օրենքը հնարավորություն է տալիս այն լուծել կառավարության որոշմամբ։
«Եթե այսօրվա մեր պետաիրավական հանձնաժողովի օրակարգում ներառված է ընդամենը մեկ հարց, տպավորություն է, որ զուտ զրոյական օրակարգ չունենալու համար ձեռքի հետ ասել են՝ ի՞նչ անենք, բա եկեք այս օրենքի մեջ, չնայած նրան, որ կառավարությամբ կարանք օր դնենք, բերենք թող պետաիրավականը քննի»,- ասել է Հարությունյանը։
Քալաշյանը պատասխանել է, որ կառավարությունը գիտակցաբար է ընտրել օրենսդրական ճանապարհը։
«Տարբեր ծառայությունների առկայությունը հանրային ծառայության մեջ և մասնագիտական տարբերությունները կարևորելով հանդերձ, միաժամանակ կարևորում ենք դրանց միասնականությունը մեկ ընդհանրական առաքելության շուրջ, որն է պետական կառավարման արդյունավետության ապահովումն ու քաղաքացիներին պատշաճ և որակյալ ծառայությունների մատուցումը»,- ասել է նա։
Քննարկման առանձին մասը վերաբերել է ծառայողներին քաղաքական ճնշումներից պաշտպանելուն։ Ղազարյանը հղում է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկույցին, որում, նրա խոսքով, խոսվում է նախընտրական շրջանում պետական և համայնքային ծառայողների վրա վարչական ազդեցության և իշխող կուսակցության միջոցառումներին նրանց կազմակերպված մասնակցության մասին։ Քալաշյանն ասել է, որ ծանոթ չէ զեկույցին, սակայն մերժել է նման պնդումներն իր ղեկավարած գրասենյակի առնչությամբ։
Նրա խոսքով՝ գրասենյակի աշխատակիցները ճնշումների չեն ենթարկվել և նախընտրական շրջանում քաղաքական միջոցառումների հրավերներ չեն ստացել։
ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ հանրային ծառայողները պետք է վայելեն հանրային բարձր հարգանք և միաժամանակ ունենան պաշտպանության իրական երաշխիքներ, որոնցից կարևորագույնը վարչական ռեսուրսի չարաշահման կանխումն է։ Նրա կարծիքով՝ եթե նման երաշխիքներ նախագծի հիմնավորման մեջ չարտացոլվեն, այն «դեկլարատիվ բնույթ» կստանա։
Պատգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ նախագիծը պետք է ներկայացներ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ոչ թե քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը։ Քալաշյանը հակադարձել է, որ ԱԺ կանոնակարգը գրասենյակին համապատասխան լիազորություններ է տալիս։
Քվեարկությունից առաջ հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը ցույց է տվել գործուղման մեջ գտնվող հանձնաժողովի անդամների ստորագրած քվեաթերթիկները և հայտնել, որ նրանք կողմ են քվեարկել նախագծին։
