OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը հայտարարել է, որ արհեստական բանականության հնարավոր օգուտներն արդարացնում են որոշ ռիսկերի ընդունումը։ Նա նաև ընդգծել է, որ այս տեխնոլոգիան պետք է լայնորեն հասանելի մնա հասարակությանը։
«Մենք կարծում ենք, որ աշխարհը պետք է պատրաստ լինի ընդունելու այս տեխնոլոգիայի որոշ բացասական հետևանքներ՝ դրա հնարավոր օգուտների և մարդու ազատ կամքի պահպանման համար»,– ասել է Ալթմանը Politico-ի տեխնոլոգիական տեղեկագրին՝ Politico Decoded-ին տված հարցազրույցում։
Ալթմանի խոսքով՝ արհեստական բանականության կարգավորման հարցում OpenAI-ի և նրա մրցակից Anthropic-ի մոտեցումների միջև դեռևս էական տարբերություններ կան, թեև, նրա կարծիքով, երկու ընկերությունների դիրքորոշումներում կան նաև բազմաթիվ ընդհանրություններ։
Նա նշել է, որ չի համաձայնում տեսակետի հետ, ըստ որի՝ արհեստական բանականությունն այնքան հզոր և վտանգավոր կդառնա, որ դրա նկատմամբ վերահսկողությունը պետք է վերապահվի միայն մեկ լաբորատորիայի՝ հնարավոր վնասները կանխելու և տեխնոլոգիայի առավելությունների բաշխումը վերահսկելու համար։
«Ես չէի համաձայնի այնպիսի փոխզիջման, որի պայմանն այն լիներ, որ մենք երաշխավորում ենք՝ չեն լինի խոշոր հարձակումներ, տեխնոլոգիայի չարաշահումներ, խարդախություններ և այլ բացասական հետևանքներ։ Կարծում եմ՝ մարդիկ այս տեխնոլոգիայի միջոցով շատ ավելի շատ լավ բաներ կանեն, քան վատ»,– ասել է OpenAI-ի ղեկավարը։
