Շաքիի դեպքի հետ կապված անհրաժեշտ է ոչ միայն ծառայողական քննություն իրականացնել, այլև տվյալ տարածքը տոտալ տակնուվրա անեին, որպեսզի իրողությունը պարզ լինի, հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Անդրադառնալով ընդդիմության մտահոգություններին, որ հայկական կողմը հնարավոր է որպես «բարի կամքի դրսևորում» հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցուն հանձնի՝ Քոչարյանն ասել է, որ պետք է շարժվել հարուցված քրեական գործի պահանջներով:
«Եթե պետք է հանձնել, դա նշանակում է, որ հանձնելը հենց այնպես չի լինում, այլ՝ ինչ-որ բանի դիմաց»,- նշել է պատգամավորը, հայտնու է Aysor.am-ը:
Թե կոնկրետ որ կառույցն է թերացել, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահը միանգամից պատասխանել չի կարողացել։
Նա միայն նշել է, որ ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու հարցն իր ուշադրության կենտրոնում է, իսկ առաջիկայում այդ թեմայով մի շարք գերատեսչություններից պատասխաններ է ստանալու։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է: