Ունենք մի իրավիճակ, երբ մեր տնից երեք չափահաս տղամարդու նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօրտեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Իմ մասով, ինչպես գիտեք, այդ անհեթեթ գործը կա, որ դատարանում է գտնվում։ Հիմա կալանավորեցին հորս ու նաև եղբորս։ Եթե իմ դեպքում կան տեսանյութեր, որտեղ այդ անհեթեթությունը վիզուալ երևացող է, մյուս դեպքում չկան նման տեսանյութերը, բայց հավատացեք, որ նույն տրամաբանության մեջ է այն գործը, որը կա՝ երկուսի հետ կապված։ Եղբայրս ամուր է, պինդ է, նստած է, խցում մենակ չի։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հորս վրա ճնշումը մեծացնելու նպատակով պետք է տղային էլ բանտարկի ու սրանով ինչ-որ արդյունքի հասնի, վստահեցնում եմ, որ նման բան չկա։ Բոլորս էլ պատրաստ ենք այս հետապնդումներին, գիտենք՝ ինչի համար ենք պայքարում, և այս ամենն իր արդյունքը չի տալու. Սա՝ միանշանակ»,-ասաց նա։
Ըստ Լևոն Քոչարյանի՝ ինքը, մայրը և քույրը չեն կարողանում տեսակցել եղբորը՝ Սեդրակ Քոչարյանին։
«Ի՞նչն է նպատակը. որ մայրս գնա, Սեդրակին տեսնի, այս գործը փլվելո՞ւ է, կամ ես, կամ քույրս։ Իհարկե, մեր գերնպատակը այդ այցելությունները բացելը չի, բնականաբար, բայց նաև այս ամեն ինչին զուգորդվող այս ճղճիմ բաներն եմ նաև ուզում ցույց տալ»,- ասաց պատգամավորը։
Ասուլիսին ներկա «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ իր հերթին նկատեց՝ ակնհայտ է, որ Սեդրակ Քոչարյանի կալանավորումը մեկ նպատակ է հետապնդում՝ ճնշում գործադրել Ռոբերտ Քոչարյանի վրա։
«Գիտեք, որ նախագահ Քոչարյանն արդեն չորրորդ անգամ է կալանավորված, և բոլորի համար հասկանալի է, որ վերջինս երբևէ չի գնալու պայմանավորվածության։ Հիմա փորձում են այլ ճնշման մեխանիզմներ օգտագործել։ Պարզ է, որ իրենց արդյունքին չեն հասնի, բայց տրամաբանությունը դա է։ Մի ժամանակահատվածում Լևոն Քոչարյանին էին կալանավորել, էլի փորձելով ճնշում գործադրել նախագահի վրա։ Հիմա արդեն Սեդրակ Քոչարյանին են կալանավորում»։