Գերմանիան Ուկրաինային կտրամադրի մոտ 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն և մոտ 350 միլիոն եվրո էներգետիկ ոլորտի համար, հոկտեմբերի 4-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է Reuters-ը։
Ռազմական օգնության մի մասն ուղղվելու է ռուսական ռեակտիվ դրոններին հակազդող դրոն-որսորդների արտադրությանը։
«Մենք միջոցներ ենք հատկացնում ռեակտիվ դրոններին հակազդող դրոնների համատեղ արտադրության համար։ Վերջին շաբաթների ընթացքում այս ոլորտում հաջողվել է մեծ տեխնոլոգիական առաջընթաց գրանցել, և այժմ մենք դրանք օպերատիվ կերպով գործարկում ենք սերիական արտադրության մեջ»,- ասել է Մերցը։
Նրա խոսքով՝ Գերմանիան Ուկրաինային կմատակարարի նաև հեռահար զենքեր, մարտական դրոններ և արբանյակային սարքավորումներ, որպեսզի ուկրաինական կողմը կարողանա ավելի արդյունավետ պայքարել ռուսական արձակման կայանքների դեմ։
Ձմռան նախաշեմին տրամադրվող էներգետիկ օգնությունը կուղղվի գեներատորների, տրանսֆորմատորային ենթակայանների և վնասված ենթակառուցվածքների վերանորոգմանը։
Մերցի խոսքով՝ այդ օգնությունը պետք է մեղմի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների հետևանքները և ձմռանն աջակցի ուկրաինացիներին։
Մերցին այցի ընթացքում ուղեկցել են Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն և գերմանական ընկերությունների ղեկավարներ։
Ընկերությունները Ուկրաինայի կառավարության և բիզնեսի հետ ստորագրել են 14 համաձայնագիր՝ մոտ 6,6 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով։ Զելենսկու խոսքով՝ այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների ընդհանուր արժեքը գերազանցում է 8,5 միլիարդ եվրոն։
ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսին պարտավորվել էին 2026 թվականի ընթացքում Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրոյի օգնություն։
.
