Ալիևի «թիկունքից հարվածի» մասին խոսքում ադրբեջանագետը նացիստական ենթատեքստ է տեսել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարում հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է շարունակի մեծացնել ռազմական ներուժը և «ամեն օր հայերից տասնապատիկ ավելի ուժեղ լինի», նրա խոսքը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը նաև հայտարարել է, որ եթե իրենք «տրվեին զգացմունքներին», ապա այսօր Երևանի կենտրոնում, հավանաբար, արդեն «երրորդ Հաղթանակի կամարը» կանգնեցված կլիներ։ Այս և Հայաստանի ու հայերի վերաբերյալ Ալիևի մյուս հայտարարություններին անդրադարձել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ դրանք գնահատելով որպես ագրեսիվ և ռասիստական հռետորաբանության դրսևորում։

Ալիևը, հիմնավորելով Ադրբեջանի ռազմական ներուժի հետագա մեծացման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ թեև, իր խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ պատերազմ չկա, սահմանին հանգիստ է, խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է և երկու երկրի միջև շփումներ կան, Բաքուն պետք է շարունակի ուժեղացնել բանակը։

«Մեր ժողովուրդը բախվեց հայերի ապերախտությանը։ Ավագ սերունդը, հավանաբար, լավ է հիշում նրանց քաղցր խոսքերը, ի պատիվ մեզ բարձրացված կենացները․․․ Նրանք տեսան, որ մենք մի փոքր թուլացել ենք, տեսան, որ սայթաքել ենք, և մեզ թիկունքից հարված հասցրին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նա հավելել է, որ, իր պնդմամբ, դա «հայերի պատմության մեջ առաջին դեպքը չէ»։

«Ուստի մենք երբեք չպետք է մոռանանք սա, պետք է զգոն մնանք և միշտ՝ ամեն օր, նրանցից տասնապատիկ ավելի ուժեղ լինենք։ Ինչպես այսօր է, այնպես էլ վաղը կլինի»,- ասել է Ալիևը։

Հայրապետյանը հատկապես ուշադրություն է հրավիրել Ալիևի՝ «մեզ թիկունքից հարված հասցրին» ձևակերպման վրա՝ դրանում տեսնելով նացիստական հռետորաբանությանը բնորոշ ենթատեքստ։

Ադրբեջանագետը հիշեցրել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում տարածված Dolchstoßlegende-ի՝ «թիկունքից հարվածի լեգենդի» մասին։ Հայրապետյանի գնահատմամբ՝ Ալիևի օգտագործած ձևակերպումն ունի նույն տրամաբանությունը և վտանգավոր է հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունքի խորացման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ պատմաբանների շրջանում լայնորեն ընդունված է այն տեսակետը, որ «թիկունքից հարվածի» լեգենդն (Dolchstoßlegende) ուղղակիորեն ստեղծել է Հոլոքոստի գաղափարական և հուզական հիմքը։

Նա անդրադարձել է նաև Ալիևի՝ Երևանի վերաբերյալ հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահի սոցիալական ցանցերի էջերում հրապարակված տեսանյութում նրա խոսքից առանձնացվել էր հետևյալ հատվածը․

«Քաղաքականության մեջ զգացմունքների տեղ չկա։ Եթե մենք տրվեինք զգացմունքներին, ապա այսօր, հավանաբար, Երևանի կենտրոնում երրորդ Հաղթանակի կամարը կկանգնեցվեր»։

Այս հայտարարությունը Հայրապետյանը որակել է որպես Ալիևի «չիրագործված զավթողական հույզերի» արտահայտություն։

«Ինձ համար սա ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն է իր չիրագործված զավթողական «հույզերի» մասին, որոնք այսօր կազմում են Ադրբեջանի հանրակրթական ուսուցման մասը»,- գրել է ադրբեջանագետը։

Ալիևն իր ելույթում միաժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանին «հավերժական պատերազմ պետք չէ»։ Նրա խոսքով՝ Բաքուն թե՛ 2020 թվականի պատերազմի, թե՛ 2023 թվականի սեպտեմբերյան գործողությունների ժամանակ «անհրաժեշտ պահին կանգ է առել», թեև, ինչպես ինքն է նշել, «տարբեր տարբերակներ կային»։

Հայրապետյանը հակադրել է այս հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հարց բարձրացնելով, թե որքանով են դրանք համատեղելի խաղաղության վերաբերյալ Բաքվի հռետորաբանության հետ։

«Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս «խաղաղության» ցուցի՞չ են»,- գրել է նա։

Ադրբեջանագետը նաև հիշեցրել է Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին և նշել, որ դրանից հետո նույնպես Ալիևը շարունակում է հայերի վերաբերյալ ագրեսիվ և ռասիստական հռետորաբանությունը։

Հայրապետյանի խոսքով՝ նման հայտարարությունները չպետք է անտեսվեն, քանի որ, իր գնահատմամբ, դրանք արտացոլում են Հայաստանի և հայերի նկատմամբ շարունակվող «ագրեսիվ ու ռասիստական օրակարգերը»։

«Ալիև, սակայն գիտի, որ Երևանում նստած ու կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ քրտնաջան պայքարող իր կամակատարները կանտեսեն իր նացիստական ֆրազներն ու զավթողական ծրագրերը։ Իսկ այդ «անտեսման» գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիստական օրակարգերը՝ դրանք կանխելու հստակ որոշմամբ, որի հնարավորությունը մենք ունենք այսօր»,- եզրափակել է փորձագետը։ 

Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էին համատեղ հռչակագիր,

Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրել էին խաղաղության համաձայնագիրը։ Կողմերը հայտարարել են հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու պատրաստակամության մասին։

Leave a Comment