Սերժ Սարգսյանի որոշմամբ «Վանա լիճ դրախտ» համալիրի շենքերն ապօրինի օտարվել են․ ԳԴ

Աշտարակ համայնքի Քասախի կիրճում գտնվող «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի և դրան կից 2,56 հա հողամասի օտարման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ դատարան է ներկայացվել պետական շահերի պաշտպանության հայց, տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը (ԳԴ)։

Գերատեսչության վարկածով՝ 2004 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի զեկուցմամբ և Կառավարության որոշմամբ՝ պետական սեփականություն հանդիսացող հանգստի գոտին առանց գնահատման 500 հազար ԱՄՆ դոլարով ուղղակի վաճառքով օտարվել է ֆիզիկական անձի։ Մինչդեռ նույն գույքը 500 հազար դոլար էր գնահատվել դեռևս 1997-ին, որից հետո այն ընդլայնվել էր, իսկ արդեն 2005 թվականին դրա լիկվիդացիոն արժեքը պայմանագրով սահմանվել էր 700 հազար դոլար։

Առանց իրավական հիմքերի ֆիզիկական անձի անվամբ գրանցվել է 2,56 հա հողամասի վարձակալության իրավունք, ինչը հետագայում հիմք է դարձել 115,8 մլն դրամ կադաստրային արժեքով հողամասը անհատույց սեփականաշնորհելու համար։

Դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ ներկայացված պետական հայցն ընդունվել է դատարանի վարույթ։

Հոկտեմբերի 2-ին դատարանը մերժել էր Սարգսյանի քրեական գործը կարճելու միջնորդությունը։

Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր սկսվել հուլիսին՝ Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցն ապօրինի օտարելու գործի շրջանակում։ Գործը վերաբերում է Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար աշխատելու ժամանակահատվածին (2000-2007թթ․)։

Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի առավելագույն ժամկետով)։

ՔԿ-ի վարկածով՝ Սարգսյանը 2005 թվականի մայիսի 11-ին ուղղակի վաճառքով 22 միլիոն 951 հազար դրամով ֆիզիկական անձի էր օտարել հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող ամրոցը և հարակից 0,7 հեկտար հողամասը։ Սա Սարգսյանի դեմ դատարան ներկայացված քրեական հինգերորդ գործն է։

Leave a Comment