Նավթն էժանացել է մերձավորարևելյան արտահանումների և պահուստային մատակարարումների ֆոնին

Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 5-ին նվազել են Մերձավոր Արևելքից արտահանման աճի և Մեծ յոթնյակի (G7) ռազմավարական պահուստներից մատակարարումների սպասման ֆոնին, հաղորդում է Reuters-ը։

Երևանի ժամանակով ժամը 10:34-ի դրությամբ Brent տեսակի նավթի ֆյուչերսներն էժանացել են 0,71%-ով՝ մինչև $101,59 մեկ բարելի դիմաց, իսկ WTI-ինը՝ 1,2%-ով՝ մինչև $90,05։

G7-ի երկրները հոկտեմբերի 2-ին համաձայնեցրել են առաջիկա չորս ամսվա ընթացքում ռազմավարական պահուստներից շուկա մատակարարել մինչև 100 մլն բարել նավթ և նավթամթերք։ Առաջին 20 օրում նախատեսվում է մատակարարել դիզելային վառելիքի զգալի ծավալ։

Որոշման նպատակը մատակարարումների կայունացումն ու գների աճի ազդեցությունը սպառողների և բիզնեսի վրա մեղմելն է։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմական իրավիճակի և Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումների պայմաններում Մերձավոր Արևելքից նավթի արտահանումը սեպտեմբերի վերջին շաբաթվա յոթ օրից չորսում գերազանցել է նախապատերազմյան մակարդակը։

Leave a Comment