Ուսուցիչներն են կրթական բարեփոխումների իրական ուժը. Ժաննա Անդրեասյան – Նորություններ 05.10.2026

Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am

Ուսուցչի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել մանկավարժներին՝ նրանց անվանելով կրթական համակարգում ընթացող մասշտաբային բարեփոխումների գլխավոր շարժիչ ուժը։

Պետությունը հանձնառու է շարունակել ներդրումները դպրոցների բարելավման և ուսուցիչների սոցիալական պաշտպանվածության բարձրացման գործում։

Իր խոսքում գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ արագ փոփոխվող աշխարհում մանկավարժի դերն ավելի քան պատասխանատու է դառնում, քանի որ այսօր պահանջվում է ոչ միայն զուտ գիտելիքի փոխանցում, այլև ինքնուրույն, փոփոխություններին պատրաստ և հմտություններով զինված քաղաքացու ձևավորում:

«Ձեր աշխատանքն է այն փոփոխությունը, որը կրթական ծրագրերից ու փաստաթղթերից տեղափոխվում է դասարան և դառնում իրականություն», – նշել է Անդրեասյանը՝ հավելելով, որ երկրի ապագան կերտող այս առաքելության առանցքում հենց ուսուցիչն է կանգնած:

Անդրադառնալով ոլորտի սոցիալական երաշխիքներին՝ նախարարը վստահեցրել է, որ իշխանությունները նպատակադրված են ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան մանկավարժներին աշխատել ավելի արժանապատիվ և վստահ պայմաններում։

Թեև այս ճանապարհը ժամանակ և հետևողականություն է պահանջում, նախարարի խոսքով, գլխավոր նպատակը հստակ է՝ ունենալ միջավայր, որտեղ ուսուցիչը լիարժեքորեն գնահատված է, իսկ դպրոցը հանդիսանում է պետության զարգացման կարևորագույն հենասյունը:

Leave a Comment